Մատչելիության հղումներ

«Եվրոպայի միասնությունը կպահպանվի»


Գերմանիայի կանցլլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում մեկնաբանում է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու խնդիրը, Բեռլին, 28 հունիսի, 2016թ.

Գերմանիայի կանցլլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում մեկնաբանում է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու խնդիրը, Բեռլին, 28 հունիսի, 2016թ.

Բարաք Օբաման կոչ է անում դադարեցնել Brexit-ի առնչությամբ իրարանցումը:

Այսօր Բրյուսելում գումարվել է Եվրոպական միության երկօրյա գագաթնաժողովը, որն առաջինն է այսպես կոչված Brexit-ից՝ միության կազմից հանրաքվեով դուրս գալու բրիտանացիների որոշումից հետո:

Նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին համատեղ հայտարարությամբ ընդգծել են, որ Եվրոպան միասնական է մնում:

Երեք ղեկավարներն ասել են, որ Բրիտանիայի հետ ոչ մի պաշտոնական բանակցություն չի լինի, քանի դեռ Լոնդոնը չի դիմի Լիսաբոնի համաձայնության 50-րդ հոդվածին, որը կարգավորում է Եվրամիությունում անդամակցությունը դադարեցնելու ընթացքը:

Դեյվիդ Քեմերոնը մի քանի անգամ կրկնել է, որ 50-րդ հոդվածը կիրառելու պարտավորությունը ցանկանում է փոխանցել հաջորդ վարչապետին: Նա արդեն ժամանել է Բրյուսել: Վաղը Եվրամիության ղեկավարները գագաթնաժողովը կշարունակեն արդեն առանց Քեմերոնի:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին եվրոպացիներին հորդորել է Բրիտանիայի հարցը լուծել պատասխանատվությամբ՝ հավասարակշռված և ռազմավարական եղանակով:

Կանցլեր Մերկելն ընդգծել է, որ Բեռլինը պահպանելու է Բրիտանիայի հետ սերտ կապերը և միաժամանակ ձգտելու է հզորացնել Եվրամիությունը:

«Մենք գիտենք, թե որքան կարևոր է մնացած 27 անդամ երկրների մեր ընթացքը ճիշտ ուղղությամբ շարունակելը», - Բունդեսթագում այսօր ասել է Մերկելը:

Նրա համոզմամբ, միության հետ նոր հարաբերություններ հաստատելու հարցում նախաձեռնողը պետք է Լոնդոնը լինի:

«Եվրոպական միության հզորությունը բավական է Բրիտանիայի դուրս գալուն դիմանալու և 27 անդամով առաջ գնալու համար: Միությունը բավականաչափ հզոր է աշխարհում իր շահերը ներկայացնելու համար», - ասել է Մերկելը:

Բրյուսելում հավաքված Եվրոպական միության ղեկավարները սպասում են Լոնդոնի հաջորդ քայլերին:

«Կցանկանայի, որ Միացյալ Թագավորությունը հստակեցնի իր դիրքորոշումը, չեմ ասում՝ այսօր կամ վաղն առավոտյան ժամը 9-ին, բայց՝ որքան հնարավոր է արագ», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

Brexit-ին անդրադարձել է նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ ասելով, թե «հարկ է վերջ տալ գլոբալ հիստերիային, որը բխել է Եվրամիությունը լքելու Բրիտանիայի որոշումից»:

«Այնպիսի տպավորություն է, կարծես ՆԱՏՕ-ն անհետացել է, անդրատլանտյան դաշինքը փլուզվում է, ամեն երկիր սկսում է իր ճանապարհով գնալ: Դա այդպես չէ», - ասել է Օբաման NPR ամերիկյան ռադիոկայանին:

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը վաղը մեկնելու է Բրյուսել, որտեղ քննարկելու է Շոտլանդիայի և Եվրոպական միության հարաբերությունները պահպանելու հարցը: Շոտլանդիայի ընտրողների մեծ մասը քվեարկել են հօգուտ ԵՄ-ում Բրիտանիայի մնալուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG