Մատչելիության հղումներ

Յըլդըրըմ. Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է


Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ

Այն ուղեկցվելու է տնտեսական համագործակցությամբ, ասել է Թուրքիայի վարչապետը։

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը երեկ երեկոյան TRT հեռուստաալիքի եթերում ասել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է։

«Մենք հայտնել ենք մեր ցավակցությունը, ճգնաժամը հաղթահարելու գործընթացը սկսվել է, այն ուղեկցվելու է տնտեսական ոլորտի համագործակցությամբ։ Պետք է մեզ այնպես պահենք, ասես վեց ամսվա իրադարձությունները երբեք տեղի չեն ունեցել, և շարունակենք մեր ճանապարհը», - ասել է Թուրքիայի վարչապետը։

Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը հաստատել է, որ Ռեջեփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին գրած նամակում խորը ափսոսանք է հայտնել ռուսական օդանավը խփելու համար և ցավակցություն է հայտնել օդաչուի ընտանիքի անդամներին։ Ըստ նրա, Էրդողանը ափսոսանք է հայտնել, թեև, Կրեմլի հայտնած տարբերակով, Էրդողանը ներողություն է հայցել։

Դրական զարգացում է դիտարկվում նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարի մասնակցությունը Սոչիում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) հանդիպմանը։

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, դիվանագիտական աղբյուրները հաստատում են, որ Մևլութ Չավուշօղլուն մասնակցելու է հունիսի 29-ից հուլիսի 1-ը Սոչիում կայանալիք ՍԾՏՀԿ արտգործնախարարների հանդիպմանը, ինչպես նաև երկկողմ հանդիպում է նախատեսված Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը երեկ ասել է, որ երկկողմ հարաբերություններում լարվածության թուլացման նշանները երևացել են, երբ Թուրքիայի նախագահը և վարչապետը շնորհավորական հեռագրեր էին ուղղել Ռուսաստանի նախագահին և վարչապետին։

Ռեջեփ Էրդողանը և Բինալի Յըլդըրըմը Վլադիմիր Պուտինին և Դմիտրի Մեդվեդևին հունիսի 12-ին շնորհավորական հեռագրեր էին հղել Ռուսաստանի ազգային տոնի կապակցությամբ։ Քուրթուլմուշն ասել է, որ դրանից հետո Ռուսաստանի կառավարությունը թուրքական ընկերությունների՝ երկրում աշխատելու իրավունքը վերականգնել էր։

XS
SM
MD
LG