Մատչելիության հղումներ

Զարուհի Փոստանջյան․ Սերժ Սարգսյանի հույսը ավտորիտար ՌԴ ռեժիմն է


«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Ընդդիմադիր պատգամավորը հակադարձում է Reuters-ի հարցազրույցում ՀՀ նախագահի արած հայտարարություններին:

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ համոզմունքը, որ իր գլխավորած Հանրապետական կուսակցությունը հաղթելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում, «առաջացել է, պարզ է, իր պատրոնի հետ հանդիպումների ընթացքում»: «Ազատության» հետ զրույցում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Իսկ իր պատրոնը համարվում է պարոն Պուտինը, քանի որ ի՛ր հետ է նա համաձայնեցնում բոլոր գործողությունները Հայաստանի Հանրապետությունում, և, հավանաբար, այդ վերջին իր հայտարարությունը պայմանավորված է հենց ՀՕՊ (հակաօդային պաշտպանության միասնական համակարգի) համաձայնագրով, որով նա վաճառում է, փաստորեն, նաև Հայաստանի օդային տարածքը և հնարավորություն է ընձեռում Ռուսաստանի Դաշնությանը՝ վերահսկել ամբողջ Կովկասը և նաև Հայաստանը», - շարունակեց ընդդիմադիր պատգամավորը:

Նախօրեին Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի նախագահը, հիշեցնենք, բացառել է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի պարտության հավանականությունը:

«Մենք իրեն ասելիք չունենք, մեր ասելիքը իրեն ավարտված է, մենք իրեն և Հանրապետական կուսակցությանը պետք է իշխանազրկենք՝ դա է մեր միակ ճանապարհը», - հայտարարեց Զարուհի Փոստանջյանը՝ պարզաբանելով․ - «Ես մենք՝ ի նկատի չունեմ միայն «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներին, ես ի նկատի ունեմ հայ ժողովրդին, որովհետև նրա կողմից ծավալվող գործունեությունը ուղղակի վտանգում է հայ ժողովրդի ազգային անվտանգությունը»:

«Մենք տեսանք, թե ինչպես տեղի ունեցավ պայմանավորված պատերազմ, պայմանավորված պատերազմում մենք ունեցանք և՛ տարածքային կորուստներ, և՛ մարդկային անգին զոհեր, և պատրաստվում ենք մենք նաև պատերազմի երկրորդ փուլին, որը մեր դուռը թակում է՝ այսպիսի քաղաքականության հետևանքով», - նշեց ընդդիմադիր գործիչը:

Սերժ Սարգսյանի հույսը, Փոստանջյանի խոսքով, «փաստորեն, ավտորիտար Ռուսաստանի Դաշնության ռեժիմն է, որի միջոցով նա փորձելու է երկարաձգել իր կյանքը»:

«Եթե մենք թույլ տանք, որ ինքը հասնի 17 թվականի ընտրություններին, ապա դա լինելու է կործանում ողջ հայ ժողովրդի համար: Մենք դա պետք է թույլ չտանք: 17 թվականը՝ իր ասածով, դա պատերազմ է, որը հայտարարվում է մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Հիմա, այդ պատերազմում մենք պետք է ցույց տանք մեր ուժը», - ասաց «Ժառանգության» պատգամավորը՝ ամփոփելով․ - «Մենք չենք գնում դասական ընտրությունների՝ ընտրությունների տրամաբանության ներքո, մենք գնում ենք, փաստորեն, պատերազմի: Մենք գիտենք, որ մեր վրա հարձակում է տեղի ունենալու՝ ժողովրդի մասին է խոսքը»:

XS
SM
MD
LG