Մատչելիության հղումներ

Վաղը երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք գալա համերգով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կամփոփի հիմնադրման 90-ամյա հոբելյանին նվիրված համերգաշարը, որը մեկնարկել էր այս տարվա մարտի 4-ին:

Այս երեք ամիսների ընթացքում նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հանդես է եկել ոչ միայն համերգներով, այլև մի շարք այլ ուշագրավ ձեռնարկներով, ինչպես, օրինակ, «ՀԱՖՆ-ը և Հայաստանի երաժշտական մշակույթը» խորագրով գիտաժողովը, «ՀԱՖՆ-ի երախտավորները» ցուցահանդեսը:

Նշենք, որ այսօր Մաշտոցի 43 հասցեում բացվեց նվագախմբի հիմնադիր դիրիժոր Արշակ Ադամյանի հուշաքարը:

Վաղվա գալա համերգի ընթացքում, ինչպես լրագրողների հետ հանդիպմանն այսօր նշեց Էդվարդ Թոփչյանը, նվագախմբի հետ հանդես կգան աշխարհահռչակ օպերային արտիստներ Հասմիկ Պապյանն ու Բարսեղ Թումանյանը, աշխարհի մեծագույն բեմերն ու ամենահեղինակավոր մրցույթների գլխավոր մրցանակները նվաճած ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, անվանի դաշնակահար Վահագն Պապյանը:

«Ցեղասպանությունից տասը տարի հետո՝ 1925 թվականին մենք ստեղծել ենք ֆիլհարմոնիկ նվագախումբ: Դա արդեն խոսում է մեր մշակութասեր ժողովրդի կամքի և ապրելու ցանկության մասին», - ասաց Հասմիկ Պապյանը:

«Խոսում ենք պետականության մասին, կամ քաղաքակրթության մասին․․․ սիմֆոնիկ նվագախումբը դրա ամենացայտուն փաստերից մեկն է», - հավելեց Բարսեղ Թումանյանը:

Հիմնադրումից ի վեր անցած 90 տարիների ընթացքում Հայաստանի ազգային նվագախումբը հիրավի իր որոշակի ներդրումն է ունեցել համաշխարհային երաժշտական պատմության զարգացման մեջ: Նվագախումբը տարբեր տարիների ղեկավարել են այնպիսի մեծագույն դիրիժորներ, ինչպիսիք են Օհան Դուրյանը, Վալերի Գերգիևը և ուրիշներ: 90-ականների ծանր, պատերազմական տարիներին նվագախումբը համախմբեց և ղեկավարեց Լորիս Ճգնավորյանը: Վերջին 16 տարիներին նվագախումբը ղեկավարում է Էդվարդ Թոփչյանը:

XS
SM
MD
LG