Մատչելիության հղումներ

Շարմազանով. Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակով չի կարող ընդգրկվել Ադրբեջանի կազմում


ՀՀԿ խոսնակն արձագանքում է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։

Լեռնային Ղարաբաղը ոչ մի կերպ չի կարող ընդգրկվել Ադրբեջանի կազմում, այսպես է հակադարձում իշխող Հանրապետականի (ՀՀԿ) մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միայն փուլային տարբերակով, ընդ որում Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բացառապես Ադրբեջանի կազմում»։

«Լեռնային Ղարաբաղը ոչ մի ձև, ոչ մի կարգավիճակով չի կարող ընդգրկվել Ադրբեջանի կազմում», - ասաց Շարմազանովը։

Ադրբեջանի նախագահը նախօրեին երկրի զինվորականների հետ հանդիպման ժամանակ դրական էր գնահատել հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի հանդիպումը՝ մանրամասնելով. - «Լեռնային Ղարաբաղը երբեք չի ստանա անկախություն Ադրբեջանի պատմական հողերի վրա: Ինչ վերաբերում է Ղարաբաղի կարգավիճակին, ապա դա ապագայի հարց է: Իհարկե, որոշակի կարգավիճակ կարող է տրամադրվել: Ադրբեջանի կազմում կա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը: Սակայն այդ կարգավիճակը չպետք է խախտի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Շարմազանովն արձագանքում է՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի մաս։ «Պարոն Ալիևը չէ Ղարաբաղի ժողովրդին անկախություն տվողը։ Աստված է տալիս յուրաքանչյուր ազգին ազատության և անկախության ձգտումը», - ասաց Հանրապետականի խոսնակը։

Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո փուլային տարբերակի շուրջ բանակցությունների մասին Ադրբեջանից պարբերաբար հնչող հայտարարություններին Շարմազանովն այսպես արձագանքեց. - «Ադրբեջանից հնչող այս հիվանդ երևակայությունը պաշտոնական Մոսկվան անվանել է այլասերված մեկնաբանություն, էլ ի՞նչ եք ինձանից ուզում»։

Հարցին՝ եթե կողմերի դիրքորոշումները ծայրահեղ տարբեր են և միմյանց բացառող, ապա հետագա հանդիպումներն արդյո՞ք անիմաստ չեն դառնում, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. - «Չհանդիպելու, բանակցությունների այլընտրանքն իրար վրա կրակելն է։ Թիվ մեկ խնդիրը խաղաղությունն է»։

Դաշնակցություն (ՀՅԴ) խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ այն, ինչ քննարկվել է պետերբուրգյան հանդիպման ընթացքում, արտացոլված է հայտարարության մեջ, իսկ արդեն Բաքվում Ալիևի պահվածքը վկայում է, որ բանակցությունները նրա համար շահեկան ընթացք չեն ստացել:

«Ես վստահ եմ, որ նա դա անում է իր ներքին սպառման համար։ Գոյություն ունի երկու տիպի Ալիև, մեկը՝ բանակցությունների սեղանի շուրջ, մյուսը՝ իր թագին բազմած, սուլթանական դիրքերից խոսացող, հոխորտացող Ալիև, որը խոսում է Բաքվից։ Տարբեր անձեր են», - ասաց Ռուստամյանը։

Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցը փուլային տարբերակով լուծելուն՝ ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց. - «Որևէ խոսակցություն չի կարելի վարել Ադրբեջանի հետ, քանի նա չի համաձայնվել սկզբնական հարցը լուծելու առումով։ Այսինքն՝ նա պետք է համաձայնվի, որ Ղարաբաղը անկախ պետություն է, վերջակետ։ Եվ էն, ինչ որ ինքը բերում է օրինակի համար Նախիջևանի օրինակը, սա շատ պարզ խոսում է նաև էն մասին, որ ինչ է սպասվելու Ղարաբաղին. է, տեսել ենք ինչ է կատարվել էնտեղ՝ 37-40 տոկոս հայությունից մարդ չի մնացել, մի հայ չի մնացել։ Դրան հայ ժողովուրդը երբեք չի համաձայնվել ու չի համաձայնվի»։

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ բանակցություններն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո չեն բխում Հայաստանի շահերից, քանի դեռ Ղարաբաղի ներկայացուցիչները բանակցային սեղանի շուրջ չեն: «Քանի դեռ Արցախի Հանրապետության օրինական ներկայացուցիչները չեն հրավիրվում և չեն մասնակցում որևիցե քննարկումների, ապա դրանք բանակցություններ կոչելը ուղղակի ապազգային ծրագիր է», - ասաց Փոստանջյանը։

Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ Ադրբեջանը մտադիր է ոչ թե բանակցությունների, այլ պատերազմի միջոցով Ղարաբաղի հարցը լուծել։ «Նա կյանքի է կոչելու փուլային պատերազմը, այլ կերպ նա հնարավորություն չունի իրագործելու Ադրբեջանի ներքո շահը սպասարկող քաղաքականություն և ծրագիր, որին, ես կարծում եմ, Սերժ Սարգսյանը պատրաստ է համաձայնություն տալ, ինքն անձամբ պատրաստ է, բայց հայ հանրությունը պատրաստ չէ, որը նաև խափանեց Սերժ Սարգսյանի ողջ ծրագիրը՝ պայմանավորված պատերազմը», - հայտարարեց Զարուհի Փոստանջյանը։

XS
SM
MD
LG