Մատչելիության հղումներ

ԵՄ առաջատար երկրների ղեկավարները հանդիպում են Բեռլինում


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զրուցում է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Բեռլին, 27-ը հունիսի, 2016 թ․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զրուցում է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Բեռլին, 27-ը հունիսի, 2016 թ․

Եվրամիության առաջատար երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի առաջնորդներն ու Եվրոպական խորհրդի ղեկավարն այսօր Բեռլինում արտահերթ հանդիպում են անցկացնում՝ քննարկելու Մեծ Բրիտանիայում հանրաքվեից հետո ստեղծված աննախադեպ իրավիճակը:

«Որոշումն անբեկանելի է, այժմ ժամանակն է հասկանալ, թե երբ և ինչպես է բաժանվում Բրիտանիան», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Եվրոպացի պաշտոնյաների մի մասը պնդում է, թե Միացյալ Թագավորությունը պետք է անմիջապես սկսի ապահարզանի գործընթացը:

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին Բեռլին մեկնելուց առաջ հայտարարել է․ - «Եվրամիությանն այժմ ամենևին պետք չեն տարիներով ձգվող բանակցություններ: Մենք ժամանակ չունենք դրանց համար: Պետք է արագ կողմնորոշվենք և սկսենք բարեփոխումները»:

Լոնդոնում, սակայն, կարծես թե ժամանակ են ձգում: Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, ով հանրաքվեից անմիջապես հետո հայտարարեց հրաժարականի մասին, պնդում է՝ ապահարզանով պետք է զբաղվի հաջորդ վարչապետը, որին պահպանողականները կընտրեն, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին․ - «Այս փուլում դեռ բաժանման գործընթացը չենք սկսի: Ու թեև հանրաքվեի արդյունքը, իմ կարծիքով, լավագույնը չէր Բրիտանիայի համար, սակայն այն պետք է հարգվի և կյանքի կոչվի հնարավորինս ամենալավ ճանապարհով»:

Գերմանիայի կանցլերը, իր հերթին, այսօր զգուշացրեց՝ քանի դեռ Մեծ Բրիտանիան պաշտոնապես չի սկսել գործընթացը, հարցի շուրջ կուլիսային հանդիպումներն ու բանակցությունները բացառվում են․ - «Ես հասկանում եմ, Մեծ Բրիտանիային ժամանակ է պետք իրավիճակը քննելու և վերլուծելու համար: Սակայն պետք է ընդգծեմ, որ մենք չենք կարող անընդհատ լինել փակուղում: Վստահ եմ, որ դա վատ կանդրադառնա և՛ Եվրամիության, և՛ Բրիտանիայի տնտեսության վրա»:

Մինչ եվրոպական ընտանիքում ուղիներ են փնտրում, շուկաները շարունակում են ցնցվել․ բրիտանական ֆունտը այսօր կրկին արժեզրկվեց դոլարի նկատմամբ՝ արձանագրելով նոր ռեկորդ վերջին տասնամյակների մեջ:

Երկրի ֆինանսների նախարար Ջոն Օսբորնը փորձեց հանդարտեցնել կրքերը՝ պնդելով, թե հզորությամբ աշխարհի հինգերորդ տնտեսությունն ունեցող երկիրը կարող է դիմակայել այս հարվածին․ - «Մեզ ամենևին էլ հեշտ օրեր չեն սպասվում, սակայն ուզում եմ հստակ ընդգծել՝ պետք չէ թերագնահատել մեր վճռականությունը: Մենք պատրաստ էինք անկանխատեսելի զարգացումների, հաստատակամ ենք, որ հիմա Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգը կարող է օգնել երկրին դիմակայելու ցանկացած հարվածի և ոչ թե նպաստել, որ այդ ցնցումները խորանան կամ ավելանան»:

Շուկաները, սակայն, առայժմ անտարբեր են նախարարի այս հավաստիացումներին․ ըստ «Բլումբերգ»-ի, հանրաքվեից հետո մոլորակի 400 ամենահարուստ մարդիկ մեկ օրվա մեջ առնվազն 127 միլիարդ դոլար են կորցրել:

Մյուս կողմից, Շոտլանդիան կրկին հայտարարել է, որ մտադիր է անկախության հանրաքվե անցկացնել:

«Այս պայմաններում խիստ կարևոր է սթափ որոշումներ կայացնել և վրեժ չլուծել», - այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի վաղեմի դաշնակից Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին: - «Կարծում եմ, ծայրահեղ կարևոր է, թե ինչպես մենք կվարվենք անցումային փուլում, որ որևէ մեկը գլուխը չկորցնի, հանպատրաստից, չկշռադատված որոշումներ չկայացնի՝ ցանկանալով վրեժ լուծել: Դրա փոխարեն մենք պետք է ճանապարհներ գտնենք մեր հզորությունը պահպանելու համար, ինչից կշահեն երկու կողմերն էլ»:

Ակնկալվում է, որ արդեն վաղը կգումարվի Եվրախորհրդարանի արտահերթ նիստ, որտեղ ելույթ կունենան նաև Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Նույն օրը Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետը կհանդիպի եվրոպացի գործընկերներին՝ քննարկելու հետագա քայլերը:

XS
SM
MD
LG