Մատչելիության հղումներ

Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը


ԱՄՆ պետքարտուղար փոխտեղեկալ Բրիջիթ Բրինք, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար փոխտեղեկալ Բրիջիթ Բրինք, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման ժամանակ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններում դրական առաջընթաց է արձանագրվել, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում գործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար:

Բրինքը նշել է, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և շահագրգռված է դրանց հետագա խորացմամբ։ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն ասել է. - «Ուրախ եմ կրկին գտնվել Երևանում՝ քննարկելու հայ-ամերիկյան համագործակցության օրակարգում առկա հարցերը, որոնց ցանկը հետզհետե աճում է: Մենք կանդրադառնանք հայ-ամերիկյան գործարար և առևտրային կապերի խորացմանը, 2017 թ. գարնանը կայանալիք ընտրություններին ընդառաջ իրականացվող ընտրական գործընթացների բարեփոխմանն ուղղված աշխատանքներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին զարգացումներին, Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին»:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան առևտրատնտեսական գործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեության, տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ:

Նալբանդյանը և Բրինքը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերսկսման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս առումով կարևորվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը անցած շաբաթ այցելել է Ադրբեջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG