Մատչելիության հղումներ

«Այսօր Կրեմլում երևի շատ օղի են խմելու»


Բրիտանացիները հանրաքվեով որոշեցին հեռանալ ԵՄ-ից

Բրիտանացիները հանրաքվեով որոշեցին հեռանալ ԵՄ-ից

Brexit-ը ձեռնտու է Թրամփին և Պուտինին, պնդում է ֆրանսիացի անվանի հրապարակախոսը:

«Միշտ ճղճիմը հաղթում է մեծին»

Ֆրանսիացի անվանի հրապարակախոս և մտավորական Բեռնար Անրի-Լևին համոզված է, որ Brexit-ի՝ հանրաքվեով Եվրամիությունից դուրս գալու բրիտանացիների որոշումը ոչ թե ժողովրդի, այլ ամբոխավարության, ոչ թե դեմոկրատիայի, այլ դեմագոգիայի հաղթանակն է:

Աջակողմյան ուժերի կոշտ թևի հաղթանակը՝ չափավորների, արմատական ձախակողմյան թևի հաղթանակը՝ չափավոր ձախերի նկատմամբ: Դա անկախության մամռակալած աջակիցների և հիմար ազգայնականների հաղթանակն է: Դա բորբոսնած Անգլիայի հաղթանակն է փառահեղ անցյալը չուրացող, բայց աշխարհի համար բաց Անգլիայի նկատմամբ, պնդում է հրապարակախոսը:

Անրի-Լևիի համոզմամբ, դրսում այդ հաղթանակը ձեռնտու է ամերիկացի Դոնալդ Թրամփին, ով Brexit-ը գովաբանած առաջին քաղաքական գործիչներից մեկն էր, և ռուս Վլադիմիր Պուտինին, որի համար Եվրամիության փլուզումը երազանք է և ինչու չէ՝ գուցե նաև նպատակ:

Le Monde-ում հրապարակած մռայլ անդրադարձում Անրի-Լևին նշում է, որ Brexit-ից գոհ են բոլոր նրանք, ովքեր ուզում էին անվնաս դուրս գալ եվրոպական հիմնախնդիրների հորձանուտից:

«Դա գիտության նկատմամբ տգիտության հավիտենական հաղթանակն է: Միշտ ճղճիմը հաղթում է մեծին, հիմարությունը հաղթում է գիտակցությանը, սա գործընթացի միայն սկիզբն է, և ոչ ոք չգիտի, թե ինչպես այն կանգնեցնել»,- գրել է ֆրանսիացի հրապարակախոսը:

«Մեծ մտավորականները փայփայել են երազանքը, որի անունն է Եվրոպա, և այդ Եվրոպան հիմա քայքայվում է ձեր քինոտ ոչնչության պատճառով: Եվրոպան մասնակցում է իր իսկ սպանությանը: Տարօրինակ ձախողում է: Արնաքամ մարմինը ծիծաղում է իր հոգու, պատմության և առաքելության վրա»,- փաստում է Բեռնար Անրի-Լևին:

Հոգեվարքի մեջ գտնվող այս Եվրոպայի մարմնավորումը տարիներ շարունակ եղել են անգույն փոքրոգի և ծույլ քաղաքական գործիչները, նշում է նա:

Անրի-Լևիի համոզմամբ, Brexit-ը ոչ թե ուրիշ Եվրոպայի հաղթանակն է, այլ Եվրոպայի՝ որպես այդպիսին, բացակայություն:

«Վերջապես իրականացավ Պուտինի երազանքը»

Foreign Policy վերլուծական հանդեսն էլ ենթադրում է, որ Brexit-ը հիանալի նորություն էր Ռուսաստանի նախագահի համար: Հավանաբար, Վլադիմիր Պուտինը միակ մարդն է, ով Բորիս Ջոնսոնից [Լոնդոնի նախկին քաղաքապետ, Brexit-ի ջատագով] ավելի շատ է ուրախացել Brexit-ի առիթով:

Կրեմլը տարիներ շարունակ, բայց առանց էական հաջողությունների, փորձել է պառակտում մտցնել Եվրամիության շարքերում: Brexit-ը նշանակում է, որ վերջապես իրականացավ Եվրոպան տարաձայնությունների մեջ մխրճված, ներքին վեճերով զբաղված տեսնելու Պուտինի երազանքը:

«Ափսոս, իհարկե, դա սխալ էր, բայց դե ոչ ոք բրիտանացիներին չէր դրդում այն անել: Այսօր Կրեմլում երևի շատ օղի են խմելու»,- դառնացած ասել է Պենտագոնի նախկին ավագ խորհրդական, ներկայում German Marshall Fund վերլուծական հիմնադրամի աշխատակից Դերեք Չոլեթը:

XS
SM
MD
LG