Մատչելիության հղումներ

Թուրքիան և Իսրայելը կարգավորում են հարաբերությունները


Իսրայելի և Թուրքիայի դրոշները

Իսրայելի և Թուրքիայի դրոշները

Շուրջ վեց տարի տևած դիվանագիտական ճգնաժամից հետո Թուրքիան և Իսրայելը վերջնական համաձայնության են եկել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում:

Նախօրեին Հռոմում երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում իսրայելական կողմը ընդունել է դեռևս 2013 թվականի մարտին պաշտոնական Անկարայի առաջ քաշած պահանջները: Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ, Իսրայելը պատրաստ է շուրջ 20 միլիոն դոլար փոխհատուցում վճարել 2010 թվականի մայիսի 31-ին Գազայի հատված շարժվող թուրքական «Մավի Մարմարա» նավում իսրայելական հատուկ ջոկատների հետ բախման հետևանքով զոհված 9 թուրք քաղաքացիների ընտանիքներին: Պաշտոնական Թել Ավիվը կրկնել է տեղի ունեցած միջադեպի առիթով դեռևս 2013 թվականին հնչեցրած ներողությունը:

Ըստ համաձայնության, Թուրքիան հնարավորություն կունենա մասնակցել Գազայի հատվածի վերականգնման աշխատանքներին և հումանիտար օգնություն տրամադրել տեղի բնակչությանը:

Նախատեսված լայնածավալ ծրագրերի շրջանակներում Գազայի բնակչության համար տներ կկառուցվեն, ինչպես նաև՝ շուրջ 200 հոգու համար նախատեսված Թուրքիա-Պաղեստին բարեկամության հիվանդանոց: Առաջիկայում կլուծվի նաև խմելու ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման հարցը:

Ձեռք բերված համաձայնության մեջ որևէ անդրադարձ չկա պաղեստինյան «Համաս» շարժմանը, չնայած Անկարան ընդգծել է, որ շարունակելու է աջակցել Պաղեստին պետությանն ու ժողովրդին: Թուրքիայի և Իսրայելի վարչապետներն այսօր միաժամանակ հաստատել են ձեռք բերված համաձայնության կետերը։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Հռոմում ԱՄՆ-ի դեսպանատանը Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ կայացված համաձայնությունը կարևոր քայլ է, որը հսկայական ազդեցություն կունենա Իսրայելի տնտեսության զարգացման վրա:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն էլ հայտարարել է, որ լիովին կվերականգնվեն երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները և շուտով դեսպաններ կնշանակվեն:

Նա նշել է, որ կողմերի բանագնացները վաղը կստորագրեն համաձայնության վերջնական փաստաթուղթը:

XS
SM
MD
LG