Մատչելիության հղումներ

«Ռոսսելխոզնադզոր»-ի պատվիրակությունն այցելել է Հայաստան


Ծիրանի բերքահավաք Հայաստանում, արխիվ

Ծիրանի բերքահավաք Հայաստանում, արխիվ

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) հրավերով հունիսի 21-24-ը Հայաստանում էր Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի պատվիրակությունը՝ ծանոթանալու երկրում պտուղ-բանջարեղենի արտադրության ու պահման պայմաններին, ինչպես նաև արտահանման սերտիֆիկացան գործընթացներին:

ՍԱՊԾ հաղորդագրության համաձայն, ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հետ հանդիպմանը մասնավորապես քննարկվել է բուսասանիտարական ենթահսկման բեռների՝ Ռուսաստան անխափան արտահանման հարցը, խոսվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում (ԵԱՏՄ) համագործակցության ու հսկողության համատեղ միջոցառումների արդյունավետության մասին, կարևորվել է վերահսկողություն իրականացնող երկու կառույցների միջև ամենօրյա և սերտ գործակցությունը:

Հայրապետյանը նշել է, որ ներկայումս Հայաստանում ակտիվորեն ստեղծվում են ջերմոցային տնտեսություններ՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը հայկական ծագման պտուղ-բանջարեղենը միջազգային շուկայում մրցունակ դարձնելու լավ հնարավորություն է ստեղծում: Միայն 2016-ի տարեվերջին նախատեսվում է ջերմոցային տնտեսությունների տարածքներն ավելացնել ևս 70 հեկտարով:

Պատվիրակությունն այցելել է փակ գրունտում բանջարեղենի մշակմամբ զբաղվող մի շարք խոշոր ընկերություններ, խնձորենու և ծիրանենու այգիներ: Ռուսաստանցի մասնագետները տեղում պարզել են, որ ջերմոցներում բանջարեղենի և հատապտուղների աճեցման ժամանակ օգտագործվում է վնասատու կարանտին օրգանիզմների դեմ պայքարի կենսաբանական միջոց, ինչն արտադրանքը դարձնում է էկոլոգիապես մաքուր:

Պատվիրակությունը ծանոթացել է նաև ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների» կենտրոնի աշխատանքներին՝ հավաստիանալով, որ լաբորատորիայի նյութատեխնիկական հագեցվածությունը նորագույն սարք-սարքավորումներով և մասնագետների որակավորումը թույլ են տալիս Հայաստանում իրականացնել հետազոտություններ ԵԱՏՄ արդի պահանջներին համապատասխան:

XS
SM
MD
LG