Մատչելիության հղումներ

Ռուսաստանում քննարկում են երկրի միակ լիբերալ նահանգապետի ձերբակալության թեման


Ռուսաստանի Քննչական կոմիտեի հրապարակած լուսանկարը
Ռուսաստանի Քննչական կոմիտեի հրապարակած լուսանկարը

Անցած շաբաթ ռուսական մամուլի և ինտերնետի ամենաքննարկվող թեման Ռուսաստանի միակ լիբերալ նահանգապետ, Կիրովի մարզի ղեկավար Նիկիտա Բելիխի ձերբակալությունն էր:

Ուրբաթ օրը՝ հունիսի 24-ին Բելիխը Մոսկվայի կենտրոնում, Նովիյ Արբատ փողոցում գտնվող ամենաշքեղ հյուրանոցներից մեկի՝ Lotte Plaza-ի սրճարանում ձերբակալվել է կաշառք ստանալու պահին: Համենայն դեպս, նման բովանդակությամբ լուսանկարներ ու տեսագրություն է տարածել Ռուսաստանի քննչական կոմիտեն: Նրանց տվյալներով՝ Բելիխին փոխանցել են 400 հազար եվրո կաշառքի մի մասը: "РБК Медиа"-ն պնդում է, որ փոխանցման պահին փաթեթում ընդամենը 100 հազար եվրո էր:

Հետաքրքիր է, որ Նիկիտա Բելիխի ձերբակալությունը կազմակերպել էին Ռուսաստանի քննչական կոմիտեն և Անվտանգության դաշնային ծառայությունը համատեղ:

Քննչական կոմիտեն տվյալներ է ներկայացրել և՛ կաշառք փոխանցողի, և՛ նրա ընկերության մասին:

Ռուսական անկախ մամուլը նշում է՝ այս տարօրինակ գործով որպես վկա անցնում են նաև տխրահռչակ «Կիրովլես» ընկերությունը և Ալբերտ Լարիցկին, ով այսօր անազատության մեջ է: Ընդդիմադիրներն ասում են, որ անազատության մեջ գտնվող քաղաքացին Ռուսաստանում կարող է ցանկացած ցուցմունք ստորագրել, իսկ «Կիրովլես»-ը այն ընկերությունն է, որի գործով 5 տարվա պայմանական ազատազրկման էին դատապարտել ռուսաստանցի ամենահայտնի ընդդիմադիր գործիչներից մեկին՝ Ալեքսեյ Նավալնուն:

Մինչ օրս, տարօրինակ գործի մասին չկա որևէ տեղեկություն Նիկիտա Բելիխի փաստաբաններից: Տեղեկատվություն տարածում է միայն Քննչական կոմիտեն: Օրինակ՝ կոմիտեն հայտնել է, իբր Բելիխն ասել է, թե իսկապես վերցրել է այդ գումարը, սակայն այն կաշառք չէր, այլ Կիրովի որոշ շինությունների վերակառուցման համար անհրաժեշտ հանգանակություն:

Ռուսական ընդդիմադիր մամուլը գրում է, որ լիբերալ նահանգապետը այդպես էլ չի դարձել իշխող թիմի լիիրավ անդամ, իսկ սեպտեմբերին անցկացվելիք Պետդումայի ընտրություններից առաջ նրա ձերբակալությունը նոր դիվիդենտներ կբերի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը: Իշխանություններն այսօր իրականացնում են քարոզչություն, թե պայքարում են կոռուպցիայի դեմ, և Բելիխի ձերբակալությունը միանգամից երկու նպատակ է հետապնդում՝ ձերբազատվում են լիբերալ նահանգապետից և ցույց են տալիս, թե պայքարում են կաշառակերների դեմ:

"Эхо Москвы" ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, ինչպես և լիբերալ մեկնաբանների մեծ մասը, համոզված է, որ Բելիխը կաշառք չի վերցրել, և ասում է, որ գործը տարօրինակ է, որ պետք է առնվազն կատարյալ ապուշ լինել՝ Մոսկվայի կենտրոնում, մի սրճարանում, որտեղ ամենուրեք տեսախցիկներ են, կանխիկ գումարով նման չափի կաշառք վերցնելու համար:

«Բելիխը ապուշ չէ, նա վաղուց է բիզնեսի մեջ և նման բան չէր կարող անել», - պնդում է Վենեդիկտովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG