Մատչելիության հղումներ

logo-print

Հռոմի Պապը կոչ արեց լսել խոնարհների ու աղքատների ձայնը


Հռոմի Ֆրանցիսկոս Պապը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը

Այսօր Էջմիածնում մատուցված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապն իր ողջույնի խոսքում կոչ արեց լսել «խոնարհների և աղքատների ձայները»:

«Սրբերի հորդորներն ընդունենք, լսենք խոնարհների և աղքատների ձայնը, ատելության բազմաթիվ զոհերին, որ տառապեցին և իրենց կյանքը զոհեցին հավատի համար. ականջ դնենք նոր սերունդներին, որ անցյալի բաժանումներից ազատ ապագա են խնդրում: Այս սրբատեղիից կրկին սփռվի ճաճանչափայլ լույսը. այս երկրի լուսավորչին՝ ձեր Ավետարանի Հոր՝ Սուրբ Գրիգորի հավատի լույսին միանա սիրո լույսը, որ ներում և հաշտվում է», - ասաց Հռոմի Պապը:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույնի խոսքն ուղղեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապին՝ նշելով․

«Այս օրերին մեր հոգևոր եղբոր՝ Ֆրանցիսկոս Պապի հետ միասնական այցերով ու աղոթքներով վերստին հաստատեցինք, որ Քրիստոսի Սուրբ Եկեղեցին մեկ է աշխարհում Քրիստոսի Ավետարանի տարածման, արարչագործության հանդեպ խնամքի, համընդհանուր խնդիրներին դիմագրավելու, Աստծո ստեղծագործության փառքն ու պսակը հանդիսացող մարդու փրկության կենսական առաքելությամբ:

Քրիստոսի Եկեղեցու առաքելության անբաժանելի մասն է ազգերի և ժողովուրդների միջև ամրապնդումը համերաշխության, եղբայրության ու գործակցության, որի վկայությունն է այսօր սրբազան այս Պատարագին մասնակցությունը Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ ասորիների, բելառուսների, հույների, վրացիների, հրեաների, եզդիների, քրդերի, գերմանացիների, լեհերի, ռուսների, ուկրաինացիների, ովքեր մեր ժողովրդի հետ եղբայրական համակեցության մեջ իրենց նպաստն են բերում մեր երկրի զորացմանն ու հասարակական կյանքի առաջընթացին:

Աղոթական հոգով հայցում ենք Բարձրյալն Աստծո ամենախնամ Սուրբ Աջի պահպանությունն ու զորակցությունը պատերազմներից ու ահաբեկչություններից տուժածներին, սովի, աղքատության և փորձությունների մեջ գտնվողներին: Հայցում ենք մեր Տիրոջ ամենաառատ շնորհները մեր կյանքին և համայն աշխարհին», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG