Մատչելիության հղումներ

Շահեն Հարությունյանի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել


Շահեն Հարությունյանը

Շահեն Հարությունյանը

Այսօր Շահեն Հարությունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին արձանագրություն է կազմվել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար:

Շահենի փաստաբան Ինեսա Պետրոսյանը փոխանցեց, որ արձանագրությունը հնարավոր է բողոքարկեն:

Հիշեցնենք, առավոտյան Գյումրիի Շահումյանի փողոցից Շահեն Հարությունյանին ստիպողաբար նստեցրել էին սպիտակ «Ինֆինիտի» մեքենան և տեղափոխել էին Երևան։ «Նոյեմբերի 5»-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդու՝ Շահենի մոտ «Ազատություն Շանթ Հարությունյանին և Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին» գրությամբ պաստառ կար:

«Իրենք Գյումրիում ասում են, որ ես հանցագործություն չեմ արել, ոչ մի բան չեմ արել: Կարգավիճակս ուղղակի չեն ասում, ու ինձ առանց որևէ կարգավիճակի, առանց իմ կամքի բերում են Երևան: Երևանում՝ Ոստիկանության քրեական գլխավոր վարչությունում, ինձ ասում են՝ կարգավիճակս՝ բերման ենթարկված, վարչական ձերբակալություն, քանի որ ես չեմ կատարել ոստիկանի օրինական պահանջը, որն է եղել՝ դուրս գալ փողոցի երթևեկելի հատվածից: Բայց ամենաաբսուրդը այն է, որ չի եղել, ո՞նց կարար․․․ ամբողջ կենտրոնը, Գյումրին փակ է, ո՞նց կարա հրապարակից մի քանի քայլ էն կողմ երթևեկություն լիներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շահեն Հարությունյանը:

«Դրանից հինգ րոպե հետո ես կարդում եմ ոստիկանության տարածած հաղորդագրությունը, որտեղ ասվում է, որ Շահեն Հարությունյանին բերման են ենթարկել, քանի որ նրա վերնաշապիկի տակ տեսել են, որ ինչ-որ առարկա է թաքնված: Այսինքն, ըստ էության, սա հակասում է արձանագրությանը», - պատմեց Շահենը՝ նշելով, որ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մասով արձանագրություն է կազմվել, սակայն իր փաստաբանին թույլ չեն տվել պատճենահանել արձանագրությունը:

«Փաստաբանն ասում է՝ մենք պիտի դիմենք դատարան էս գործով, տվեք պատճենահանենք: Նրան պատասխանեցին, որ դիմում պետք է գրի, և այլն, և այլն: Անգամ թղթերի հարցում խոչընդոտներ հարուցեցին», - փոխանցեց Շահենը:

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է․ - «Այսօր Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում Հռոմի Պապի կողմից Սուրբ պատարագ մատուցելուց առաջ ոստիկանները նկատել են Շահեն Հարությունյանին՝ վերնաշապիկի մեջ իր թաքցնելիս: Հաշվի առնելով վերջինիս կողմից նախկինում դրսևորված խուլիգանական վարքագիծը և ոստիկանության ծառայողների նկատմամբ անհնազանդության բազմաթիվ դեպքերը, ոստիկանները նրանից պահանջել են գտնվել պատարագի վայրից ողջամիտ հեռավորության վրա: Շ. Հարությունյանը հրաժարվել է կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով՝ վերջինիս նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ»:

Շահենի խոսքով, ոստիկանությունից հետո իրեն տեղափոխել են Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժին, որտեղ հայտնել են, որ եթե ևս մեկ իրավախախտում կատարի, իր խափանման միջոցը կփոխվի:

«Քանի որ ես դատվածություն ունեմ պայմանական, իմը [իրավախախտումը] կարող էր ճակատագրական լիներ, ըստ էության եղավ: Որովհետև մնաց մի խախտում: Խախտման դեպքում խափանման միջոցը փոխում են ու ազատազրկում են», - ասաց Շահեն Հարությունյանը:

XS
SM
MD
LG