Մատչելիության հղումներ

Ֆրանցիսկոս Պապի քարոզը Գյումրիում


Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Գյումրիում, 25-ը հունիսի, 2016 թ․

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Գյումրիում, 25-ը հունիսի, 2016 թ․

«Անաստվածության երկար տարիների հոգևոր կործանումից հետո, երկրաշարժի սարսափելի նյութական ավերածություններից հետո, այսօր գտնվում ենք այստեղ՝ Աստծուն շնորհակալություն հայտնելու․․․»

«Ռադիո Վատիկան»-ի կայքէջում տեղադրվել է այսօր Գյումրիի Վարդանանց հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մատուցած քարոզը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Կվերակառուցեն հին ավերակները, կվերանորոգեն անբնակ քաղաքները (Ես 61,4): Այս վայրերում, սիրելի եղբայրներ և քույրեր, իրականացել են Եսայի մարգարեի խոսքերը, որ լսեցինք: Անաստվածության երկար տարիների հոգևոր կործանումից հետո, երկրաշարժի սարսափելի նյութական ավերածություններից հետո, այսօր գտնվում ենք այստեղ՝ Աստծուն շնորհակալություն հայտնելու՝ հավատը դավանելու ազատության և առատաձեռնության համար, որ բազում մարդկանց օգնեց վերականգնելու համար իրենց կյանքը, հսկայական դժվարություններով հանդերձ:

Սույն վերածննդյան նշաններից ուզում եմ հիշեցնել Աշոցքի հիվանդանոցը, 25 տարի առաջ ճանաչված որպես «Պապի հիվանդանոց»: Ծնած սուրբ Հովհաննես Պողոս Բ-ի սրտից, որ սրտանց փափագած էր, շարունակում է մնալ որպես շատ կարևոր և տառապյալներին մոտիկ ներկայություն, սիրո նշան, որ տեղական կաթողիկե հասարակության և կրոնավորական միաբանությունների կատարած գործունեությունների հետ միասին, գերազանցորեն ուսուցողական է:

Արդարև, սեր է՝ Աստծուց ստացած և ընկերոջ ընծայված սերն է՝ ինչպես վկայում է օրինակի համար Կալկաթայի երանելի Մայր Թերեզան, ժայռը՝ որի վրա կառուցել և վերակառուցել է մեր ապագան: Այս հիմքի վրա է, որ հաստատված է Հիսուսի աշակերտի կյանքը. սիրո միջոցով է, որ Եկեղեցու դեմքը երիտասարդանում և հմայիչ է դառնում: Գթառատ և թանձրացյալ սերը քրիստոնյայի այցեքարտն է, ներկայանալու այլ կերպեր կարող է շեղիչ և նույնիսկ անօգուտ լինեն, որովհետև՝ Հիսուս ասում է՝ «սրանից բոլորը իմանում են, որ իմ աշակերտներն եք. եթէ սիրեք իրար» (Յվ 13,35):

Կոչված ենք միշտ կառուցելու և վերակառուցելու հաղորդությունը, առանց երբեք հոգնելու, կամուրջներ սարքելու, ոչ թե պարիսպներ կամ բաժանարար պատնեշներ: Հայ ժողովուրդը միշտ ավելի միացած լինի հավատի և սիրո մեջ, և հավատացյալները լավագույն օրինակը կարողանան տալ, համագործակցելով իրար հետ, փոխադարձ հարգանքով և երկխոսությամբ, իմանալով որ «միակ մրցույթը, որ հնարավոր է Տիրոջ աշակերտների միջև՝ ստուգելն է, թէ ո՛վ ի վիճակի է առավել մեծ սերը նվիրել» (Հովհաննես Պողոս Բ, Քարոզ, 27 սեպտեմբեր 2001. Ուսուցումներ ԻԴ, 2 [2001], 478):

Աստված բնակվում է սիրողի մէջ, Աստված բնակվում է որտեղ սիրում են իրար, Հատկապես՝ որտեղ տկարներին և աղքատներին են խնամում: Նա միշտ օրհնում և պաշտպանում է նրան, ով «բարի լուրն է տանում թշվառներին, կոտրված սրտերի վերքերն է պատում և մխիթարում է վշտացածներին» (հմմտ. 1-2 համարները): Շատ կարիքն ունենք սրան, կարիքն ունենք քրիստոնյաների, որ հոգնությունից չխորտակվեն և չհուսալքվեն փոխադարձ անհասկացողություններից, այլ բացվեն Աստծո սիրո ծրագրերին, բարի կամքով մարդկանց կարիքը կա, որ գործնականին և ոչ թե խոսքերով օգնեն դժվարության մեջ գտնվող եղբայրներին և քույրերին, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել և արդարորեն հատուցվող աշխատանք:

Եկել եմ որպես ուխտավոր այս օրհնյալ երկիրը, հանդիպելով ձեզ հետ, որ ժամանել եք տարբեր շրջաններից և մոտակա Վրաստանից, տեսնում եմ, որ Աստված ձեզ մենակ չի թողել: Նա այցելած է ձեր ժողովրդին (հմմտ. Ղկ (1,68): Աստված հիշեց ձեր հավատարմությունը Ավետարանին, ձեր հավատի անդրանիկության, հիմնված Առաքյալների քարոզության վրա, որոնց հիշատակն եք տոնում այսօր: Այս հողի վրա, հուսկ, ձեր սուրբերից և վարդապետներից ոմանք ստեղծեցին այբուբենը ժողովրդի համար և ժողովուրդը Ավետարանի պատգամը քարոզեց, բոլորը միասին վկայելով, նույնիսկ արյան և ծանր փորձությունների գնով, որ «Աստծո սերը կյանքից ավել արժե» (հմմտ. Սղ 63,4): Քրիստոնեական հավատն այսպես դարձավ հայ ժողովրդի շունչը և նրա պատմության սիրտը: Այն ձեր ապագայի հույսն է նաև:

Սակայն, միշտ առկա է փորձությունը՝ հավատը վերածելու անցյալի պատկանող գեղեցիկ մի բանի, կարծես լիներ սքանչելի մանրանկարված մի մատյան, թանգարանում պահելիք: Սակայն, եթե պատմության դիվաններում պահվի, հավատը կորցնում է հաղորդակցական ուժը, կենսունակ և փոխակերպող իր գեղեցկությունը, բոլորի հանդեպ իր դրական բացվածքը: Մինչդեռ, հավատը ծնվում և վերածնվում է Տիրոջ, Հիսուսի հետ կենդանի հանդիպումից, իր փրկող և կյանքի բոլոր պարագաներում լուսավորող գթասրտության փորձառությամբ:

Օգտակար է ամէն օր վերանորոգել այս հանդիպումը, Աստծո Խոսքի ընթերցումով և աղոթքով բացվելով իր սիրուն, որ երջանկությունն է սնուցում: Իսկ երբ Հիսուս կանչի հետևելու իրեն, Հատկապես երբ ձեզ՝ երիտասարդներիդ հրավիրի, մի՛ տատամսեք քաջությամբ պատասխանելու նրան «այո՛»: Նա մեզ ճանաչում է, մեզ իսկապէս սիրում է և ուզում է ազատել սիրտը վախի և հպարտության ծանրություններից: Նրան տեղ տալով, կարող ենք սեր ճառագայթել և Ավետարանը քարոզել: Այսպես կարողանալու էք ձեր ավետարանող մեծ պատմության սկիզբ տալ, որին Եկեղեցին և աշխարհը կարիքն ունեն այս նեղության ժամանակներին, որ միաժամանակ նաև ողորմության ժամանակներ են:

Հենց անցած տարվան Աստվածային Ողորմության Կիրակի օրվան ծիսակատարությամբ, որին մասնակցեց իմ սիրելի եղբայրը՝ Գարեգինը, որին շնորհակալություն եմ հայտնում ինձ ազնվորեն ընդունելու համար և իր ներկայությամբ և խոսքով մեզ պատվեց, ուզեցի բոլորի ուշադրության հանձնել Գրիգոր Նարեկացու կերպարը, ընդհանրական Եկեղեցու Վարդապետ: Նա կարապետ և մարգարեն էր աստվածային ողորմության: Դժվար է գտնել որևէ մեկին, որ հավասարի նրան, քննելու անդնդային թշվառությունները, որ կարող են մարդկային սրտում տնավորվել: Սակայն, նա վերածում է դրանց աստվածային սիրո անդադրուն, արտասվալի և վստահ պաղատանքի, հաստատելով, որ Աստված «պարգևների բաշխողն է, բնությամբ բարի [...], մխիթարության ձայն, քաջալերանքի լուր, ուրախության թռիչք, [...] անհամեմատելի քնքշություն, հորդառատ ողորմություն, [...] փրկարար համբույր» (Մատյան ողբերգության, 3,1), Հայտարարելով, որ «երբեք բարկության խավարից չի մթագնել նրա ողորմության լույսը» (նույն, 16,1):

Նարեկացին ոչ միայն վարդապետ է ուսուցման, այլ հատկապես կյանքի, որովհետև սովորեցնում է, թէ ինչքան կարևոր է՝ ճանաչել մենք մեզ ողորմության կարոտ, և մեր թշվառությունների և վերքերի առաջ, բացվել Տիրոջ, «Աստված մերձավոր, բարության փափկություն» (նույն, 17,2), «սիրով լի մարդկանց նկատմամբ, [...] հուր, որ մեղքի խռիվն է սպառում» (նույն 16,2): Այս սուրբ վկան մարգարեաբար ներկայացնում է ձեր ժողովրդին, որ պատմության ընթացքում մեկնաբանել է շատ անգամ ողբերգական սեփական դեպքերը՝ նրա գրությունների լույսի տակ: Նա, սակայն, ընդհանրական Եկեղեցու Վարդապետ է արդեն. ձեր սիրելի ժողովուրդը ևս, տառապելու քաջատեղյակ և Հարության զորությամբ, կարողանա հավատի վկա և վարդապետ լինել մեզ բոլորիս:

Աստվածամոր բարեխոսությամբ, Թագուհի և «ցնծություն մեր տառապյալ բնության» (Շարակնոց, Ավետման կանոն), խնդրում եմ, սուրբ Գրիգորի խոսքերով իսկ, աստվածային ողորմությունը և սիրելուց երբեք չհոգնելու պարգևը: Սուրբ Հոգի «հզոր պաշտպան, բարեխոս և խաղաղարար, քեզ ենք ուղղում մեր աղաչանքները: [...] Պարգևիր մեզ շնորհը՝ սիրո և բարի գործերի քաջալերման [...] Հոգի քաղցրության, գթության, մարդասիրության և ողորմության, [...] ողորմեա՛ մեզ, Տեր Աստված մեր, ըստ մեծի ողորմության» (Շարական Պենտեկոստեի):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG