Մատչելիության հղումներ

Բերման են ենթարկվել ՀԽ 6 ակտիվիստներ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Քիչ առաջ «Հիմնադիր խորհրդարան»-ի գրասենյակի մոտից քաղաքացիական հագուստով ոստիկանները, ուժի գործադրմամբ, մեքենաներով տարել են ակտիվիստներ Վահրամ Պետրոսյանին, Փայլակ Թևանյանին, Արամ Մանուկյանին, Գագիկ Եղիազարյանին, Տիգրան Մանուկյանին և Ռազմիկ Մանուկյանին:

«Պայքար ազատության» ֆեյսբուքյան էջում հրապարակված նկարներում երևում է մեքենայի մակնիշն ու պետհամարանիշը։ «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ Վարուժան Ավետիսյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ այդ ոստիկաններն այս պահին էլ իրենց գրասենյակի առջև «հերթապահում են»։

Ավետիսյանի խոսքով, ակտիվիստներին ոստիկանական բաժանմունքներ են տեղափոխել տարբեր պատճառաբանություններով։ Ընդդիմադիր գործիչը կարծում է, որ բերման ենթարկելու պատճառն այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում Հռոմի Պապի աղոթքի արարողության ժամանակ նախատեսված բողոքի ակցիան է, որին ցանկություն էին հայտնել մասնակցել նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի բերման ենթարկված երիտասարդները:

«Մենք չենք կազմակերպել այդ ֆլեշմոբը, բայց տղաները նույնպես ցանկացել էին մասնակցել և եկել էին «Հիմնադիր»-ի գրասենյակ, այստեղ պաստառներ էին պատրաստում, որը պետք է իրենց հետ տանեին Հանրապետության հրապարակ»,- ասաց Ավետիսյանը:

Ոստիկանությունից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ նշված քաղաքացիներն այս պահին ոստիկանական բաժանմունքներում են, բերման ենթարկելու պատճառի մասին էլ քիչ անց պաշտոնական հաղորդագրություն կտարածեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG