Մատչելիության հղումներ

Վատիկանի մամուլի ծառայության ղեկավար. «Պապը ուզում է նման լինել շարքային մարդկանց»


Ֆրանցիսկոս Պապը Հայաստանում, 24-ը հունիսի, 2016թ.
Ֆրանցիսկոս Պապը Հայաստանում, 24-ը հունիսի, 2016թ.

Լրագրողներին հետաքրքրել էր, թե ինչո՞ւ է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Հայաստանում երթևեկում համեստ «Ռենո»-ով։

«Պապն ազատ է և ամենավերջին պահին կարող է փոխել իր ելույթի տեքստը», - երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Վատիկանի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին՝ անդրադառնալով օտարերկրացի լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ Ֆրանցիսկոս Պապի ելույթի տեքստում չկար «ցեղասպանություն» բառը, մինչդեռ նա Հայաստանի նախագահական նստավայրում, շեղվելով տեքստից, խոսեց Ցեղասպանության մասին:

«Պապը նախապես տեսել և հաստատել էր այդ տեքստը, այնպես չէ, որ դա տրամադրել էի ես կամ կարդինալը ․․. Մենք մշտապես ասել ենք Ձեզ՝ Պապն ազատ է մինչև վերջին րոպեն փոփոխություններ կատարել: Ես Պապին եմ ծառայում, և ես չէ, որ պետք է նրա փոխարեն որոշեմ», - ընդգծեց Ֆեդերիկո Լոմբարդին՝ հավելելով. - «Պապը մի փոքրիկ, բայց շատ կարևոր լրացում է արել՝ կիրառելով «ցեղասպանություն» բառը»։

Պատասխանելով օտարերկրացի մեկ այլ լրագրողի հարցի, թե «ցեղասպանություն» բառն օգտագործելուց հետո ի՞նչ արձագանք եք սպասում Թուրքիայից, հաշվի առնելով, որ 2015-ի հայտարարությունից հետո Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը մեծ ջանքեր խլեց, Վատիկանի մամուլի ծառայության ղեկավարն ասաց. - «Ես չէ, որ պետք է պատասխանեմ Թուրքիայի փոխարեն, միայն կարող եմ ասել, որ Հռոմի Պապը մշտապես արտահայտվում է հանուն հաշտության, խաղաղության և երկխոսության տարբեր ազգերի և մշակույթների միջև: Եթե մենք հիշում ենք անցյալի մասին, ապա դա ոչ թե նոր բառեր քննարկելու, այլ անցյալից դասեր քաղելու նպատակ ունի», - ասաց Ֆեդերիկո Լոմբարդին։

Նշենք, որ շատերի աչքից չէր վրիպել այն հանգամանքը, որը 1.5 միլիարդ հետևորդ ունեցող Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Հայաստանում երթևեկում է համեստ «Ռենո»-ով։ Հետևաբար հայաստանցի լրագրողներից մեկը հարցրեց՝ ինչո՞ւ Ֆրանցիսկոսը չի օգտվում թանկարժեք զրահապատ մեքենաներից, օրինակ՝ «Բենթլի»-ից,Վատիկանի մամուլի ծառայության ղեկավարը պատասխանեց. - «Պապը նախընտրում է օգտագործել շատ հասարակ մեքենաներ, նա ուզում է նման լինել շարքային մարդկանց և ոչ թե հարուստներին»։

Հայաստանցի լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ արդյո՞ք Հռոմի Պապին դուր եկավ հայկական ծիրանը:

Նշենք, որ «Զվարթնոց» օդակայանում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին դիմավորեցին լավաշով ու ծիրանով։

Վատիկանի մամուլի ծառայության ղեկավարն ասաց, թե հայկական այդ միրգը շատ հայտնի է աշխարհում, և երբ իրենք ժամանեցին Էջմիածին, իրենց սենյակում հայտնաբերեցին ծիրանի մի մեծ կույտ: «Մենք վայելեցինք այն, կարծում եմ, Պապը գիտի այդ հայտնի հայկական մրգի մասին և հավանեց այն», - ասաց Ֆեդերիկո Լոմբարդին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG