Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում տարակարծիք են Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքների կապակցությամբ


Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի կարծիքով, Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունը լքելը լուրջ կորուստ չէ Հայաստանի համար, քանի որ Միության կազմում Բրիտանիան երբեք էլ Արևելյան հարևանության ակտիվ քաղաքականության աջակիցը չէր։

«Այնպես չի, որ մենք, կորցնելով Մեծ Բրիտանիային որպես Եվրամիության անդամ, կորցնում ենք կարևոր գործընկերոջ: Բայց, բնականաբար, Եվրամիությունը հաշվի է առնելու այն պատճառները, թե ինչու է Մեծ Բրիտանիան հեռացել Եվրամիությունից, և փորձելու է բացառել, որ Եվրամիության անդամ որևէ այլ երկիր նույն պատճառներով լքի այդ աշխարհաքաղաքական միավորը», - հավելեց նա:

Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի նախկին ազգային համակարգող Նավասարդյանը համաձայն չէ այն պնդումներին, թե Եվրամիության այս կարևոր անդամի հեռանալուց հետո եվրոպական ընտանիքում նորանոր ապահարզաններ կլինեն։ Նրա ձևակերպմամբ՝ Եվրամությունը այժմ ոչ թե ճգնաժամի, այլ մարտահրավերի առջև է հայտնվել:

Ընդհանուր առմամբ, Նավասարդյանը լավատեսորեն է տրամադրված․ - «Տվյալ պարագայում Եվրամիությունը կարող է ճիշտ քաղաքականություն մշակելով նույնիսկ հզորացնել իրեն, որովհետև ի վերջո ունենալ քո կազմում մի երկիր, որը դեմ է հանդես գալիս ընդհանուր գծին, մի կողմից, դա իր իրավունքն է, և դուրս գալով ինքը ինչ-որ տեղ ազատում է Եվրամիությանը այդ կաշկանդող հանգամանքից: Բայց սխալ քաղաքականության դեպքում դա կարող է հանգեցնել շղթայական ռեակցիայի»:

Մեծ Բրիտանիայում բարձրագույն կրթություն ստացած Արտակ Այունցը ուշադիր հետևել է երեկվա քվեարկությանը և ափսոսում է, որ ժողովրդավարության բարձր ցուցանիշ ունեցող երկիրը հեռացավ եվրոպական ընտանիքից․ - «Ես, ճիշտն ասած, ակնկալում էի, որ մեծամասնությունը կքվեարկի մնալուն կողմ, բայց, իմ համար ցավոք, Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից: Որովհետև ամեն դեպքում Եվրամիությունը մնում է ինձ համար որպես արժեքային մի համակարգ՝ անկախ իր ֆինանսական, քաղաքական խնդիրներից, քաղաքակրթական, ինչ-որ տեղ մշակութային համակարգ, որի կենսամակարդակին, որի արժեքներին նաև արժե, որ մենք ձգտենք»:

Հանրաքվեի նման արդյունքը, ըստ Այունցի, հարված է ոչ միայն Եվրամիության, այլև հենց դուրս գալու օգտին քվեարկած երկրի համար․ - «Իսկ Բրիտանիայի համար սա հարված էր նրանով, որովհետև Մեծ Բրիտանիա կոչվածի մեծ մասը կարող է շուտով նաև դուրս գալ: Որովհետև Շոտլանդիան, Հյուսիսային Իռլանդիան մեծամասնությամբ դեմ են եղել դուրս գալուն Եվրամիությունից: Իսկ Շոտլանդիան ամենամեծ արդյունքն է ցույց տվել մնալու համար՝ 70 տոկոսի չափ»:

Երևանում շատերն են հետևել Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Բրիտանիայի հանրաքվեին։ Համալսարանը վերջերս ավարտած Աստղիկի կարծիքով, բրիտանացիների 52 տոկոսը լուրջ հարված հասցրեց Եվրամիությանը․ - «Եվրամիությունը ֆինանսական տեսանկյունից իհարկե կորցրեց, որովհետև ամենահարուստ երկրներից մեկն է, ու այդ ֆինանսական ներդրումները․․․․ կդառնա, որ զրկվեց այդ ֆինանսական ներդրումներից Մեծ Բրիտանիայի»:

Լոս Անջելեսից ժամանած Արմեն Սեմիրջյանի կարծիքով, մինչդեռ, Եվրամիությունը լքելուց հետո Մեծ Բրիտանիան լուրջ խնդիրներ չի ունենա, կյանքն էլ այնտեղ նախկինից լավը կլինի․ - «Որովհետև այնքան լավն ա իրանց ապրանքը, որ իրանք պրոբլեմ չունեն վաճառելու, որ Եվրամիության անդամ դառնան: Դրա համար իրանք վստահ են, որ դուրս կգան»:

Սարյանի արձանի հարակից Վերնիսաժում զրույցները հիմնականում քաղաքական թեմաներով են:

Նկարիչներն արդեն հասցրել էին քննարկել Brexit-ը․ - «Բրիտանիան կարա ընդհանրապես ինքը առանձին ապրի: Իրանք մեծ կարծիքի են իրանց վրա: Ինձ թվում ա, լավ չի լինի ոչ թե մենակ Եվրոպայի, մեր․․․ իրանց համար էլ լավ չի լինի․ կսկսեն ինչ-որ թշնամական բաներ առաջանալ»:

XS
SM
MD
LG