Մատչելիության հղումներ

Օհանյանը մասնակցել է ռազմարդյունաբերական ձեռնարկության նոր արտադրամասի բացմանը


Լուսանկարը՝ ՊՆ-ի

Լուսանկարը՝ ՊՆ-ի

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ եղել է Հայաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում, որտեղ մասնակցել է նոր արտադրամասի բացմանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Օհանյանը փաստել է, որ տարեցտարի հետևողականորեն ընդլայնվում են հայրենական ռազմարդյունաբերության հնարավորությունները: Նախարարը համոզմունք է հայտնել, որ Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի ստեղծմամբ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող և Զինված ուժերին աջակցող այլ կազմակերպությունները շարունակաբար կզարգացնեն իրենց հնարավորությունները և թողարկվող արտադրանքով կնպաստեն Զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը:

Ձեռնարկության նոր արտադրամասի բացման պատիվը վերապահվել է պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանին և ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանին:

Արտադրամասի բացման արարողությունից հետո պաշտպանության նախարարը բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է ձեռնարկության տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել ձեռնարկության նյութատեխնիկական ապահովմանը միտված առաջիկա ծրագրերը և ընթացիկ կապիտալ շինարարական աշխատանքները:

XS
SM
MD
LG