Մատչելիության հղումներ

Բաղրամյան պողոտայի իրադարձությունների գործով մեղադրյալներ ու կասկածյալներ չկան


Ոստիկանները բերման են ենթարկում ցույցի մասնակիցներից մեկին: 23-ը հունիսի, 2015 թ․

Ոստիկանները բերման են ենթարկում ցույցի մասնակիցներից մեկին: 23-ը հունիսի, 2015 թ․

Հատուկ քննչական ծառայությունում դեռ ուսումնասիրում են, թե արդյոք ոստիկանները անցյալ տարվա հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում բռնություն կիրառել են քաղաքացիների և լրագրողների նկատմամբ։

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերի ժամանակ պաշտոնեական դիրքն օգտագործելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերով քրեական գործ հարուցվեց: Մինչև օրս, սակայն, գործում որևէ մեղադրյալ կամ կասկածյալ չկա։

Փաստաբան Հայկուհի Հարությունյանի խոսքով, թեև լրատվամիջոցների տարածած կադրերում բռնություն կիրառած ոստիկանների ու քաղաքացիական համազգեստով անձանց դեմքերը երևում են, սակայն իրավապահ մարմինները չեն շտապում նրանց պատասխանատվության ենթարկել․ - «Կադրում պատկերված անձանց վերաբերյալ նույնականացման խնդիր ունի այսօր Ոստիկանությունը, չի կարողանում հայտնաբերել ով է կադրում պատկերված ոստիկանության աշխատակիցը․․․ Քաղաքացիական հագուստով անձանց պարագայում, ընդունենք, եթե նրանք ոստիկաններ չեն, և պատասխանատվությունը ոստիկանությունը չպիտի կրի նրանց մասով, բայց պատասխանատվություն պիտի կրի դրանց հայտնաբերման մասով»:

Ավելի վաղ ծառայողական քննության արդյունքում մոտ մեկ տասնյակ ոստիկան կարգապահական տույժի էր ենթարկվել։ Տուժող քաղաքացիների գործով զբաղվող փաստաբանի խոսքով, եթե նույնիսկ ոստիկանները հետագայում պատասխանատվության ենթարկվեն, դա չի նշանակի, որ կատարվածին իրավական գնահատական է տրվել. - «Գուցե լրագրողի նկատմամբ ոստիկանի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչվի, պատասխանատվության հանգեցնի, բայց ամբողջ հավաքը այդ ձևով ցրելու, ցրման վերաբերյալ որոշում կայացնելու, դրանից հետո բերման ենթարկելու, ոստիկանության բաժանմունքներում պահելու, հարկադիր բժշկական ստուգումների ենթարկելու գործողությունների իրավական գնահատականն արդեն դուրս կմնա այդ կոնտեքստից»:

Լրագրողական կազմակերպությունները զավեշտալի են համարում այն, որ գործում ցայսօր որևէ մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված չէ։

«Այս ամենը վկայում է քրեական գործը ձևական վարելու և այն կոծկելու միտումի մասին», - նշված է ութ կազմակերպությունների այսօր տարածած հայտարարության մեջ։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ քաղաքական կամք է անհրաժեշտ․ - «Հարց է ծագում, թե ինչու մի կասկածյալ կամ մեղադրյալ գոյություն չունի: Դա խոսում է նրա մասին, որ իշխանություններն ուղղակի մտադիր չեն ոստիկանության ներկայացուցիչներից որևէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկել քրեական արարքի համար։ Իսկ դա իր հերթին խոսում է նրա մասին, որ իշխանության համար ավելի կարևոր է իր ծառայողին պաշտպանել, քան հանրությանը և հանրային շահը»։

Մելիքյանի խոսքով՝ տուժած երկու լրագրող արդեն դիմել է Եվրոպական դատարան, ևս երկուսը պատրաստվում են դիմել․ - «Իհարկե մեզ համար շատ ցանկալի է, որ հարցը լուծվի երկրի ներսում։ Բայց երբ մենք տեսնում ենք իշխանությունների անգործությունը և մատների արանքով նայելը այդ լուրջ իրադարձություններին և այդքան տուժածներին անտեսելը, մենք ստիպված ենք արդեն դիմել միջազգային ատյաններին»:

Հատուկ քննչական ծառայությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ գործով տուժածների թիվը 33 է, նրանցից 21-ը լրագրողներ են։

Ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանի խոսքով՝ տուժողներ, վկաներ ու բարձրաստիճան սպաներ են հարցաքննվել, բազմաթիվ փորձաքննություններ են իրականացվել։ Նախաքննության ժամկետն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Հաջորդ վերջնաժամկետը օգոստոսի 17-ն է։

XS
SM
MD
LG