Մատչելիության հղումներ

ԵՄ-ում մնալու և այն լքելու կողմնակից բրիտանացիների թիվը գրեթե հավասար է


Մեծ Բրիտանիայում ընթացող պատմական հանրաքվեի արդյունքները հայտնի կդառնան վաղն առավոտյան

Լինել, թե չլինել Եվրամիության կազմում: Այսօր առավոտից Մեծ Բրիտանիայում այս հարցին են պատասխանում: Եվրամիությունը լքելու կամ այնտեղ մնալու հարցադրմամբ պատմական հանրաքվեին մասնակցելու համար գրանցվել է 46,5 միլիոն ընտրող, ինչը ռեկորդային ցուցանիշ է երկրում:

«Հեռանալու դեպքում ետդարձի ճանապարհ չկա»,- քվեարկությունից առաջ կրկին զգուշացրին Բրյուսելի պաշտոնյաները: Ապահարզանի կողմնակիցները, մինչդեռ, վստահ են՝ որոշումը վերանայելու կարիք չի էլ լինելու՝ անցած տարի 70-ականներին ստեղծված դաշինքը սպառել է իրեն՝ առևտրային, պրագմատիկ կազմակերպությունից վերածվելով պետությունների ինքնիշխանությունը խլող գերհզոր մի կառույցի:

Միացյալ Թագավորության անկախության կուսակցության ներկայացուցիչ Նեյջել Ֆարաժ՝ «Այս քվեարկությամբ մենք կարող ենք ժողովրդին վերադարձնել իշխանությունը, նրան տալ իր իսկ սահմանները վերահսկելու իրավունք: Ուզում եմ, որ մենք քվեարկենք հանուն Բրիտանիայի անկախության, քվեարկենք, որպեսզի դառնանք առավել ժողովրդավար, նորմալ երկիր, որն ինքն է որոշում իր օրենքները, իր ճակատագիրն ու ապագան»:

Հակադիր ճամբարում փաստարկները հիմնականում տնտեսական են, մնալու կողմնակիցները պնդում են՝ ապահարզանը էականորեն կավելացնի գործազուրկների թիվը: Այսօր մոտ 3 միլիոն բրիտանացի աշխատում է Եվրամիության հետ առևտրի ոլորտում: Ֆինանսիստներն էլ զգուշացնում են՝ տնտեսությունը, առաջին հերթին՝ բրիտանական արժույթը կարող է կանգնել լուրջ խնդիրների առջև:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոն՝ «Եթե մենք ուզում ենք ավելի հզոր տնտեսություն, ավելի շատ աշխատատեղեր, պետք է դրան հասնենք միասին, եթե ուզում ենք արդյունավետ պայքարել ահաբեկիչների կամ կլիմայի փոփոխության դեմ, կրկին պետք է գործենք միասին: Այնպես որ քվեարկեք առավել բարեկեցիկ Մեծ Բրիտանիայի օգտին՝ բարեփոխված Եվրամիության կազմում»:

Սոցհարցումների համաձայն, Եվրամիության կազմում մնալու և այնտեղից դուրս գալու կողմնակիցների թվի միջև տարբերությունը մեծ չէ: Էլիս Կարս՝ «Կարծում եմ՝ Եվրամիությունում խնդիրներ կան՝ կապված ժողովրդավարության հետ, որոշումները կայացվում և պարտադրվում են դրսից, այնպես որ՝ ես քվեարկել եմ դուրս գալու օգտին»:

Ջոյ Դենեհի՝ «Ես սովորել եմ լեզուներ ու բավական երկար ապրել եմ Եվրոպայում, մթնոլորտն այնտեղ բոլորովին ուրիշ է, ինձ ավելի է դուր գալիս: Բրիտանացիներն ուզում են Անգլիային վերադարձնել երբեմնի փառքը, բայց վստահ չեմ, որ դուրս գալու որոշումը լավագույն լուծումն է մեզ համար»:

Բրիտանական հեղինակավոր թերթերի առաջին էջերին ևս այսօր այդ երկընտրանքն է: «Դուրս գալու որոշումը կվնասի ոչ միայն Բրիտանիային, այլև Եվրոպային ու Արևմուտքին»,- գրել է The Financial Times-ը: «Հանուն ձեր ընտանիքի, ձեր երեխաների, կենսաթոշակի ու աշխատավարձի, մի արեք քայլ դեպի անդունդ, քվեարկեք մնալու օգտին»,- հորդորում է Daily Mirror-ը: Մինչդեռ Sun-ը պնդում է՝ սա անկախացման օր է բրիտանացիների համար:

Թե այս կոչերից որը կհաղթի՝ պարզ կդառնա վաղն առավոտյան: Մինչ այդ, փորձագետները փաստում են՝ ապահարզանի դեպքում Մեծ Բրիտանիայի օրինակին կարող են հետևել Եվրամիության անդամ այլ պետություններ՝ ստեղծելով աշխարհաքաղաքական բոլորովին նոր իրավիճակ:

XS
SM
MD
LG