Մատչելիության հղումներ

Հանրային խորհուրդը մտահոգիչ է համարում Հարկային օրենսգրքի նախագիծը


Բողոքի ակցիա Երևանում, արխիվ
Բողոքի ակցիա Երևանում, արխիվ

«Դեմ եմ հարկային թալանին» նորաստեղծ նախաձեռնությունն էլ զգուշացնում է՝ հանրային ընդվզումներ են լինելու:

Հանրային խորհրդում (ՀԽ) այս օրերին քննարկում են Հարկային օրենսգրքի նախագիծը, որի մի շարք դրույթներ ՀԽ անդամները «մտահոգիչ» են համարում: Խորհուրդն առաջիկայում նախագծի առնչությամբ իր առաջարկները կներկայացնի նախագահ Սերժ Սարգսյանին և կառավարությանը:

Բացասական հետևանքներից ՀԽ անդամներն առանձնացրել են եկամտահարկի դրույքաչափերի բարձրացումը, շրջանառության հարկի շեմի իջեցումը, շահաբաժինների հարկումը: Հանրային խորհրդի անդամ Արմեն Տեր-Տաճատյանը «Ազատության» հետ զրուցում ասաց՝ փորձելու են նախագծի հեղինակների հետ հանդիպումների միջոցով պարզել՝ ի՞նչ հիմնավորումներով է սահմանվել այս կամ այն դրույթը կամ շեմը:

«Կարծում եմ՝ ավելի ճիշտ հարցադրում ձևավորելու կարիք կա՝ դրույքաչափերի մասով: Եթե դրույքաչափերը բարձրանում են, ապա արդյո՞ք մենք դրանով չենք ծանրաբեռնում արդեն իսկ հարկ վճարողներին: Որովհետև, եթե բյուջեն ավելի շատ դրամի կարիք ունի, ապա միայն դրույքաչափերի բարձրացումը դա ձևերից մեկն է միայն, անհրաժեշտ է ընդլայնել նաև հարկ վճարողների բազան»,- ասաց Տեր-Տաճատյանը:

ՀԽ անդամը նաև ընդգծում է՝ հարկերի դրույքաչափի ավելացումից բողոքողներն էլ պարտավոր են իրենց հիմնավորումները բերել: Տեր-Տաճատյանն, այդուհանդերձ, վստահ է, որ փասատաթուղթը շատ ավելի մտահոգիչ է իրավական տեսանկյունից: Մասնագիտությամբ իրավաբան ՀԽ անդամն առհասարակ կասկածում է, թե դրա վրա լուրջ իրավաբաններ են աշխատել: «Հակառակ դեպքում չէին սահմանի նոր հասկացություններ, որոնք արդեն կան Քաղաքացիական օրենսգրքում»,- ասում է մեր զրուցակիցն ու շարունակում՝

«Հիմա մենք ընդունում ենք մի օրենք, որը կարծես թե ինքն իր համար գլուխն առնում, գնում է, իր համար ստեղծում է մի նոր իրավունքի համակարգ: Տալիս է նոր իրավական հասկացություններ, որոնք, կարծում եմ, անթույլատրելի են: Մենք կստեղծենք մի աննկարագրելի խառնաշփոթ, որի տակից դուրս չենք գա․․․ նույն հարկային պաշտոնյաները երկար ժամանակ պիտի սովորեն, թե ինչպես կիրառեն Հարկային օրենսգիրքը, էնքան նոր բան կա մեջը»:

Հանրային խորհուրդը, տարածած հաղորդագրության համաձայն, կարևորում է Հայաստանում հարկահավաքման ոլորտում նոր մոտեցումների ընդունման անհրաժեշտությունը, սակայն, նկատելով՝ Հարկային օրենսգրքի ներկա նախագծի ընդունմամբ այդ առումով որևէ փոփոխություն տեղի չի ունենա: Ավելին՝ սոցիալական լարվածությունն ավելի կաճի:

Հարկային օրենսգրքի նախագծի հետ կապված՝ արդեն իսկ բողոքի ալիք է բարձրացել սոցիալական ցանցերում: Ժամանակին պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարող երիտասարդներն այժմ նոր խումբ են ձևավորել՝ «Դեմ եմ հարկային թալանին»: Նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանը վստահ է՝ հանրային ընդվզումն անխուսափելի է, քանի որ օրինագծի թիրախում նորից միջին խավն է հայտնվել, և իշխանություները նորից փորձում են հարվածել եկամուտները չթաքցնող աշխատողին՝ «Տուժում են շատ մեծ թվով մարդիկ՝ 80 հազարից ավելի, ու էդ մարդիկ, ամենայն հավանականությամբ, էլի փողոց էլ դուրս կգան, փողոց էլ կփակվի․․․ բայց էն, որ ինչ-որ մեկը պետք է պատժվի սրա համար, փաստ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG