Մատչելիության հղումներ

Գյումրիում Պապի պատարագին մոտ 25 հազար հավատացյալ կհետևի


Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջին, արխիվ

Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջին, արխիվ

Շիրակի մարզում շուրջ 8000 կաթոլիկ կա, Կաթողիկե առաջնորդանիստ եկեղեցին էլ Գյումրիում է գործում:

Գյումրիի Կաթողիկե եկեղեցու առաջնորդարանում արդեն մի քանի օր է հերթեր են՝ մարդիկ ժամերով սպասում են Հռոմի պապի կողմից մատուցվելիք պատարագի հրավիրատոմսերը ստանալուն: Հունիսի 25-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում Ֆրանցիսկոս պապի բացօթյա պատարագին շուրջ 25 հազար հավատացյալ է հետևելու:

Հռոմի պապի այցին հատկապես Շիրակի հավատացյալներն են սպասում: Մարզում շուրջ 8000 կաթոլիկ է բնակվում, Կաթողիկե առաջնորդանիստ եկեղեցին էլ Գյումրիում է գործում: «Գյումրի այցը դա իրոք շատ մեծ քայլ է, ի օգուտ մեր ժողովրդի, պատմական և կրոնական տեսակետից»,- ասում է գյումրեցի հավատացյալներից մեկը:

Կաթողիկե եկեղեցու առաջնորդարանի տեղեկատվական համակարգի պատասխանատու տեր Հովսեփ քահանա Գալստյանը «Ազատությանը» փոխանցեց, որ պատարագին ներկա կգտնվեն նաև մոտ 3000 ուխտավորներ՝ տարբեր երկրներից: «Վրաստանի, Ռուսաստանի կաթողիկե համայնքներից ունենք հայտեր, տարբեր երկրներից, ովքեր իրենց բարեկամների միջոցով այստեղ հայտագրվել են և հիմա գալու են մասնակցեն»,- ասաց տեր Հովսեփը:

Արդեն մի քանի օր է քաղաքի Վարդանանց հրապարակում սկսվել է խորանի կառուցումը, որտեղ էլ Հռոմի պապը մատուցելու է պատարագը: Տեր Հովսեփ քահանա Գալստյանից հետաքրքրվեցինք՝ հրավիրատոմսեր չունեցողները կարո՞ղ են ներկա գտնվել պատարագին: «Մենք իրենց ասում ենք՝ իրենց համար կան նախատեսված հատուկ վայրեր հրապարակում, որտեղից նրանք կարող են հետևել․․․»,- պատասխանեց Կաթողիկե եկեղեցու առաջնորդարանի տեղեկատվական համակարգի պատասխանատուն:

Ֆրանցիսկոս պապը նաև կշրջի Գյումրիում: Կհյուրընկալվի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խոսքով՝ Հռոմի պապն այդ քայլով իր երախտիքը կհայտնի Գյումրիին: «Պապը երկու կարևոր հանգամանք նկատի ունենալով է գալիս՝ աղքատությունը քաղաքի, երկրորդ՝ կաթողիկե փոքրամասնությունը հարաբերաբար շատ է այստեղ: Շիրակի մարզում 3 տոկոս է կաթողիկե բնակչությունը, որն ամենաբարձրն է [Հայաստանում]:

Գյումրիում է գտնվում նաև Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի առաջնորդանիստը:

Ես երրորդ պատճառն եմ ավելացնում և կարծում եմ, որ այն նույնքան հիմնավոր է, քան առաջինն ու երկրորդը: Այն, որ Հռոմի պապը նաև իբրև շնորհակալության արտահայտություն, այցելում է Սուրբ Յոթ Վերք եկեղեցի, որը խնամող մայրը եղավ և՛ առաքելական մեծամասնության, և՛ կաթողիկե փոքրամասնության, և՛ օրթոդոքս հունական ու ռուսական համայնքների․․․ այն բոլոր 70 տարիներին, երբ ուրիշ եկեղեցի չկար, բացի Յոթ Վերքից․․․»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը:

Հռոմի պապն այդ օրը նաև նվերներ կստանա. Հայ Առաքելական եկեղեցում նրան Աստվածածնի նկարի կրկնօրինակը կնվիրեն, Գյումրիի քաղաքապետն էլ արծաթյա մուշուրբա կնվիրի։ Իսկ այցի ավարտին շքեղ հրավառություն կլինի, որի համար տեղական բյուջից 1 մլն դրամ է հատկացվել:

XS
SM
MD
LG