Մատչելիության հղումներ

Ներկայացվեցին 13-րդ «Ոսկե Ծիրան»-ի ծրագրերը


Րաֆֆի Մովսիսյանը (ձ), Միքայել Ստամբոլցյանը (կ) և Արա Խանջյանը լրագրողների հետ հանդիպմանը: 22-ը հունիսի, 2016 թ․

Րաֆֆի Մովսիսյանը (ձ), Միքայել Ստամբոլցյանը (կ) և Արա Խանջյանը լրագրողների հետ հանդիպմանը: 22-ը հունիսի, 2016 թ․

«Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի ծրագրերի գծով տնօրեն, կինոգետ Միքայել Ստամբոլցյանը շեշտեց, որ այս տարի փառատոնին մասնակցության համար ավելի քան 900 հայտ է ներկայացվել, բայց նախնական ընտրության արդյունքում մրցութային հիմնական երեք ծրագրերում կցուցադրվի 43 ֆիլմ:

Միջազգային խաղարկային մրցույթին ընտրվել է 12 ֆիլմ, միջազգային վավերագրական մրցույթի համար՝ 15 ֆիլմ և «Հայկական համայնապատկեր»-ի մրցութային ծրագրում կներկայացվի 16 ֆիլմ:

Ստամբոլցյանը, որը նաև միջազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրի համակարգողն է, ասաց․ - «Կարծում եմ, որ ամեն մի ֆիլմը ինչ-որ մի հետաքրքիր բան ունի իր մեջ»:

Կինոռեժիսոր, փառատոնի փոխտնօրեն, միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթի համակարգող Արա Խանջյանը շեշտեց, որ, ցավոք, այս տարի «Ոսկե Ծիրան»-ին ներկայացված վավերագրական ֆիլմերի շարքում քիչ էին ուշագրավ, հետաքրքիր աշխատանքները․ - «Ես մեծ նախանձով այս տարի նայում էի, թե կողքի հանձնաժողովում ինչ է կատարվում, որովհետև նրանք անընդհատ ոգևորված էին և ասում էին՝ ինչ լավ ֆիլմեր են այս տարի: Իսկ վավերագրական ֆիլմերը քանակով ամենաշատն են լինում՝ այս տարի մոտավորապես 600 ֆիլմ հայտավորված էր, և չեմ կարող նման ուրախություն ապրել, ինչպես խաղարկային ֆիլմերի հանձնաժողովը, որովհետև ֆիլմերի մեծ մասը բավականին տխուր տպավորություն էին թողնում մեր վրա»:

«Ազատության» հարցին, թե արդյոք մեր վավերագրողները ամբողջովին պատկերում են մեր երկրի, մեր ժողովրդի իրական կյանքն ու հոգսերը, և արդյոք 30 տարի հետո այդ ֆիլմերը դիտելիս հնարավոր կլինի մեր օրերի մասին իրական պատկերացում կազմել, Արա Խանջյանն արձագանքեց, որ վավերագրողները, իհարկե, չեն հասնում հեռուստառեպորտաժների հեղինակներին․ - «Հեռուստատեսությունը այնքան շատ և այնքան արագ դրանց մասին ցուցադրում է, որ, ես կարծում եմ, դոկումենտալիստները չեն հասցնում ուղղակի որակով ինչ-որ ֆիլմ անել․․․ Իսկ Հայաստանում, ես կարծում եմ, նկարվում են ֆիլմեր, որոնք անպայման կունենան իրենց արժեքը և՛ երեսուն, և՛ հիսուն, և՛ հարյուր տարի հետո»:

«Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ներկայացվում են միայն ազգությամբ հայերի նկարահանած ֆիլմերը: Այդ ծրագրի համակարգող, երիտասարդ կինոգետ Րաֆֆի Մովսիսյանն ասաց․ - «Ներկայացված հայտերի թիվը այս տարի ավելի քիչ էր, քան նախորդ տարի․ մոտ ութսուն ֆիլմ ունեինք: Թեև մեզ մոտ այս տարի գերազանցում են լիամետրաժ ֆիլմերը․ ծրագրում ներկայացված են հինգ լիամետրաժ ֆիլմեր, ինչը բարձր ցուցանիշ է Հայաստանի համար»:

Նշենք, որ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը «Ոսկե Ծիրան»-ին չի ներկայացրել Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Վարդապետի լռությունը» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը, թեև անցած տարեվերջին ֆիլմի պրեմիերային նա հավաստիացնում էր, որ անպայման ներկայացնելու է:

XS
SM
MD
LG