Մատչելիության հղումներ

Իրավապաշտպաններն ահազանգում են։

Իրավապաշտպաններն ահազանգում են, թե Ռուսաստանում գնալով առավել հաճախակի են դառնում բռնություններն ակտիվիստների նկատմամբ, որոնք սոցիալական ցանցերում քննադատում են իշխանությունների քաղաքականությունը։

Անվտանգության հարցերով փորձագետ Անդրեյ Սոլդատովը պնդում է, թե իշխանությունները հատուկ խմբեր են ստեղծել համացանցում ռուսաստանցիների գրառումներին հետևելու և ընդդիմադիրներին լռեցնելու համար։ «Նոյեմբերից ակնհայտ ուժեղացել է հսկողությունն այն ամենի նկատմամբ, ինչ մարդիկ գրում են սոցիալական ցանցերում, հատկապես ВКонтакте-ում ակնհայտ է, որ այն մանրազնին քննության է ենթարկվում», - ասում է նա:

Ամիսներ առաջ, օրինակ, Ալեքսանդր Մարկովն իր պետերբուրգյան բնակարանում, լսելով դռան զանգը, շտապել է բացել դուռը, սակայն հյուրերի փոխարեն դռան հետևում կանգնած էին անծանոթ մարդիկ, որոնք միանգամից սկսել են հարվածներ հասցնել։ «Աչքս վնասվել է», - «Ազատության» հետ զրույցում պատմում է նա, - «Ես հայտնվեցի աստիճանների վրա։ Նրանցից մեկը մեջքից հարվածեց ինձ, և ես վայր ընկա։ Հետո նրանք բոլորը սկսեցին ինձ ծեծել»։

Այս միջադեպն ընդամենը մեկն է այն հարձակումների, բռնությունների շղթայից, որոնք իրականացվում են վերջին շրջանում սոցիալական ցանցերում իրենց կառավարությանը բացահայտ քննադատող անձանց նկատմամբ։

Մարկովը ВКонтакте սոցիալական ցանցում «Քրեական հեղինակություններ» վերտառությամբ խմբի ադմինիստրատորներից է։ Խումբն ավելի քան 14 հազար անդամ ունի, ովքեր բացեիբաց քննադատում են իշխանություններին, այդ թվում՝ Ուկրաինայում և Ղրիմում նրանց կողմից իրականացվող քաղաքականությունը։

Հարձակումներից բացի, Մարկովին նաև առցանց տիրույթում են հետապնդում. եղբորն են սպառնալիքներ ուղարկում, իրեն են սպառնում անձնական տվյալները տարածել։

Սոլդատովը պատմում է, որ Ռուսաստանում «օնլայն ազատությունը» վտանգվեց այն պահից, երբ ուժի մեջ մտավ համացանցի վերահսկողություն սահմանող օրենքը, որն առավելապես հայտնի է որպես ինտերնետային կայքերի «սև ցուցակ»։

Թեև իշխանությունները պնդում են, թե օրենքն ընդունվել է մանկական պոռնոգրաֆիայի դեմ պայքարի շրջանակում և նպատակ ունի պայքարել այն կայքերի դեմ, որոնք նպաստում են թմրանյութերի օգտագործմանը, ինքնասպանություններին, քննադատները, սակայն, նշում են, որ հենց այդ օրենքն է իշխանություններին օգնում գրաքննություն իրականացնել առցանց տիրույթում։

Դեկտեմբերին ռուսաստանցի բլոգերներից մեկը հինգ տարվա ազատազրկման դատապարտվեց և ուղարկվեց սիբիրյան բանտ․ պատճառը կայքերից մեկում հրապարակված հոդվածն էր, որում նա մեղադրում էր Կրեմլին Ուկրաինայի անջատականներին աջակցելու մեջ։

Վադիմ Տունենցևին անգամ ազատ արձակվելուց հետո է արգելվում կարծիք հրապարակել ինտերնետում։ Վերջերս ազատազրկված բլոգերն Անդրեյ Բուբաևն է։ Մայիսից նա ճաղերի հետևում է երկու տարի երեք ամիս ժամկետով։

Փորձագետներն արձանագրում են, որ քրեական այս հետապնդումներն իրականացվում են հայտնի օրենքի օգնությամբ։

«Նախ նրանց վախեցնում էին, ապա պայմանական պատժաչափ էր սահմանվում, իսկ ահա անցյալ տարվա նոյեմբերից մարդիկ բանտ են ուղարկվում միայն նրա համար, որ ազատ արտահայտվում են սոցիալական ցանցերում։ Սա, իհարկե, նշանակում է, որ իրավիճակը գնալով սրվում է», - «Ազատության» հետ զրույցում նշում է անվտանգության հարցերով փորձագետ Անդրեյ Սոլդատովը։

XS
SM
MD
LG