Մատչելիության հղումներ

Եվրո-2016. Հաջորդ փուլ անցան նաև Գերմանիան, Լեհաստանը և Խորվաթիան


Խորվաթիայի հավաքականի երկրպագուհին Ֆրանսիայում, հունիս, 2016թ.
Խորվաթիայի հավաքականի երկրպագուհին Ֆրանսիայում, հունիս, 2016թ.

Ֆրանսիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում երեքշաբթի երեկոյան վերջին հանդիպումները անցկացվեցին C և D խմբերում, որոնց արդյունքներով՝ 1/8 եզրափակիչին մասնակցելու իրավունք ստացան Գերմանիայի, Լեհաստանի և Խորվաթիայի հավաքականները։

C խմբում Գերմանիայի և Լեհաստանի հավաքականները միևնույն՝ 1:0 հաշվով հաղթեցին, համապատասխանաբար, Հյուսիսային Իռլանդիայի և Ուկրաինայի թիմերին ու 7-ական միավորով առաջին երկու տեղերը զբաղեցրեցին խմբում։ Երրորդ տեղում Հյուսիսային Իռլանդիան է՝ 3 միավորով, վերջին տեղում է ու մրցաշարը լքում է բոլոր երեք հանդիպումներում պարտված Ուկրաինան։

D խմբում Խորվաթիայի հավաքականը, խմբի առաջատար Իսպանիայի հավաքականի հետ խաղում առաջինը գնդակ ընդունելով սեփական դարպասը, կարողացավ ի վերջո 2:1 հաշվով հաղթանակ տանել և 7 միավորով առաջին տեղը գրավել խմբում։ Իսպանիան, որն ավելի վաղ արդեն ապահովել էր իր մասնակցությունը 1/8-ին, խմբում երկրորդ տեղը գրավեց։ Երրորդը 3 միավորով Թուրքիայի հավաքականն է, որը խմբային մրցաշարի վերջին խաղում 2:0 հաշվով հաղթեց Չեխիային, չեխերը 1 միավորով եզրափակում են աղյուսակը և հրաժեշտ կտան մրցաշարին։

Հյուսիսային Իռլանդիայի և Թուրքիայի հավաքականները պահպանում են հաջորդ փուլում հանդես գալու հնարավորությունը։

Այս պահին հայտնի են 1/8 եզրափակիչի 16 մասնակիցներից 9-ը՝ Ֆրանսիա, Իտալիա, Շվեյցարիա, Իսպանիա, Ուելս, Անգլիա, Գերմանիա, Լեհաստան, Խորվաթիա։

Չորեքշաբթի օրը կկայանան խմբային մրցաշարի վերջին հանդիպումները՝ E խմբում՝ Իտալիա - Իռլանդիա և Շվեդիա - Բելգիա, F խմբում՝ Իսլանդիա - Ավստրիա և Հունգարիա - Պորտուգալիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG