Մատչելիության հղումներ

Տարիներ առաջ սեփականաշնորհված տարածքի կառուցապատման թույլտվությունը տրվել է վերջերս։

Ըստ մամուլի, դրա սեփականատերը Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ազգական Աշոտ Բոչոլյանն է, ով «Ազատության» հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունը:

«Ես դեռ շատ շուտվանից կապված եմ Ստեփանավանի հետ, և էսօր իմ համար մի հատ փոքր տուն եմ կառուցում ընդեղ: Անհնարին բան ա՞․․․ պարտադիր պետք է ինչ-որ մեկի բարեկամը լինեմ, որ տո՞ւն կառուցեմ կամ շինթույլտվությո՞ւն ստանամ: Շինթույլտվությունը ստացել եմ քաղաքապետարանից, շինարարությունը կատարում եմ օրենքով սահմանված բոլոր նորմերով»,․ - հավելեց Բոչոլյանը:

Նա, սակայն, կտրականապես հերքում է մամուլում շրջանառվող լուրերը, թե շինարարական թույլտվությունը ստացել է Կոստանյանի հետ ազգակցական կապի շնորհիվ։ Նա զարմանում է, թե ինչու է զբոսայգում առանձնատուն կառուցելու այս պատմությունը հասարակական հնչեղություն ստացել։

Բոչոլյանը չհամաձայնեց պնդմանը, թե շինարարությունն իրականացնում է զբոսայգու տարածում․ - «Զբոսայգում չի կառուցվում, զբոսայգուն կից տարածքում ա կառուցվում, որը եղել ա դաշտ, դաշտի մեջ տուն ենք կառուցում՝ առանց ծառերը վնասելու»:

Մինչդեռ Ստեփանավանի բնապահպանական Օրհուս կենտրոնի ղեկավար Մանյա Մելիքջանյանը հակառակն է պնդում՝ առանձնատան տարածքը հենց հանրային զբոսայգին է։

Հարցով մտահոգ բնապահպանները պարզել են, որ «Ալեյա» անունը ստացած զբոսայգում օտարման գործընթաց սկսվել է դեռ 2005-ից, աստիճանաբար հայտնվել են մի քանի շինություններ, թեև՝ ոչ զբոսայգու ամենասաղարթախիտ հատվածում․ - «Այդ հարցով մենք դիմեցինք քաղաքապետին՝ հանրության պահանջով, որ դա հանրության տարածքն է․․․ Ինքը ասեց՝ ես նույնպես շատ մտահոգված եմ, բայց օտարումը կատարվել է 2005 թվականից, երբ ինքը չի աշխատել, և ինքը հետամուտ կլինի, որ ոչ մի ծառ չկտրվի»:

Այնուամենայնիվ, շինարարական թույլտվությունը, ինչպես «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քաղաքաշինության նախարարությունից, տվել է հենց գործող քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը ընդամենը շաբաթներ առաջ՝ հունիսի 3-ին: Մանյա Մելիքջանյանի խոսքով՝ թե ինչ կկատարվի ցանկապատից այն կողմ, կիմանա միայն տան սեփականատեր Աշոտ Բոչոլյանը, բայց եթե անգամ ծառեր չհատվեն, օրինական չէ առանց հանրային լսումների հանրային զբոսայգին վերածել ամառանոցային տարածքի:

Ստեփանավանի բնակիչները չեն կիսում Բոչոլյանի տեսակետը, թե ցանկացած մարդ դիմելու դեպքում առանց խնդիրների զբոսայգում շինարարության թույլտվության կստանա։

Ժամանակին այգու ստեղծմանը մասնակցած բնակիչները տարակուսած են՝ մի՞թե առանձնատան համար այլ տարածք չկար․ - «Գլխավոր դատախազն ա, ով ա․․․ Էդ տարածքները լրիվ նրանցն ա, մենք փայ չունենք: Մարդիկ որ գնում են անտառից մի թիքա ճյուղ են կտրում, դատի են տալի․․․ բայց այդ ահռելի ծառները, մենք էլ աշխատել․․․ մարդիկ անխնա փրթում են»:

XS
SM
MD
LG