Մատչելիության հղումներ

Ապրիլյան բախումներում ծանր վիրավորված զինվորի հոր ուղերձը արձագանք է ստացել


Միքայել Լազգիյանը «Ազատության» տաղավարում, 16-ը հունիսի, 2016թ․
Միքայել Լազգիյանը «Ազատության» տաղավարում, 16-ը հունիսի, 2016թ․

«Ազատություն» TV-ի «Ըստ էության» թոք շոուի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու առաջին տիկնոջն ուղղված վիրավոր զինծառայողի հոր ուղերձն արձագանք ունի:

Ապրիլյան քառօրյա բախումների ընթացքում ողնուղեղային ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արման Լազգիյանի հայրը «Ազատության» ուղիղ եթերում էր կոչ արել նախագահի ընտանիքին մենակ չթողնել իրենց:

Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ընդունել է զինծառայողի հորն ու Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանին:

«Դա «Ազատության» «Ըստ էության» բանավեճի ընթացքում ուղիղ կապով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու առաջին տիկնոջը դիմելուս արդյունքն էր: Արձագանքը ստացանք, այսօր ինձ ու տիկին Բախշյանին ընդունեց տիկին Ռիտա Սարգսյանը: Պատմեցի Արմանի բուժման հետ կապված բոլոր խնդիրները: Տիկին Ռիտա Սարգսյանն այսօր անմիջապես խոստացավ, որ հետևողական կլինի և կաջակցի մեզ թե՛ բարոյապես, թե՛ որևէ այլ հարցերում և նաև ֆինանսական աջակցություն կցուցաբերի: Դուրս եմ եկել բավականին ուրախ, տրամադրությունս բարձր, համոզված, որ ամեն ինչը կշարունակվի լավ, ու արագ ընթացք կստանա որդուս տեղափոխման ու ֆինանսական խնդիրները»,- պատմեց այժմ գերմանական կլինիկաներից մեկում բուժվող զինվորի հայրը՝ Միքայել Լազգիյանը:

Հոր փոխանցմամբ՝ գերմանական մի կլինիկայից մյուսը տեղափոխելու համար անհրաժեշտ 95.000 եվրոյից այս պահին հավաքվել է 35.000-ը: Գերմանիայում բուժման առաջին փուլի ընթացքում, հարազատների խոսքով, Արմանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա, վերականգնվել է ձայնը, սնվում է առանց կոկորդին ամրացված խողովակի, կարողանում է մոտ 15 րոպե նստած մնալ:

«Ազատության»՝ շուրջ 150 հազար դիտում ունեցած տեսանյութը մեծ արձագանք էր ստացել նաև համացանցում․ մեկ շաբաթվա ընթացքում, հոր խոսքով, տարբեր անհատներ մոտ 10 000 եվրո են փոխանցել զինվորի բուժման համար բացված հաշվեհամարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG