Մատչելիության հղումներ

Հուլիսի 1-ից «Գազպրոմ»-ը մուտք կգործի վրացական շուկա


Վրաստան - «Ո՛չ «Գազպրոմ»-ին» կարգախոսով բողոքի ցույց Թբիլիսիում, մարտ, 2016թ․

Վրաստան - «Ո՛չ «Գազպրոմ»-ին» կարգախոսով բողոքի ցույց Թբիլիսիում, մարտ, 2016թ․

«Մենք փակեցինք դռները «Գազպրոմ»-ի առջև, բայց այն մուտք գործեց պատուհանից», - նշում է թբիլիսցի տնտեսագետը:

Ընդամենը մի քանի օրից «Գազպրոմ»-ը վերջապես մուտք կգործի վրացական շուկա` շրջանցելով Վրաստանի կառավարության հետ բանակցությունների և համաձայնագրերի կնքման փուլը: Չնայած Թբիլիսիում անցած ձմռանը կազմակերպված մի շարք բազմամարդ բողոքի գործողություններին և Վրաստանի կառավարության հետ բանակցությունների փաստացի տապալմանը, Ռուսաստանի էներգետիկ ոլորտի առաջատարը հանդիսացող «Գազպրոմ»-ը հուլիսի 1-ից առևտրային հիմունքներով կսկսի գազ մատակարարել Վրաստանի տարածք:

Դա պարզ դարձավ անցած շաբաթավերջին, երբ Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերն ու վրացական մասնավոր ընկերություններից մեկի` «Գազկո+»-ի ղեկավար Գիորգի Միքելաձեն համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայն՝ այս տարվա հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Վրաստան կմատակարարվի շուրջ 100 միլիոն խորանարդ մետր ռուսական գազ:

Պետերբուրգում կնքված համաձայնագրում, ի դեպ, հատուկ ընդգծված է, որ դրա գործողության ժամկետը կողմերի համաձայնության պարագայում կարող է նաև երկարաձգվել: Ուշագրավ է, որ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին ընդհանրապես տեղյակ չէր համաձայնագրի կնքման մասին, չնայած այն իրողությանը, որ ռուսական գազը «Գազկո+» ընկերությանը հետագա վերավաճառքի նպատակով մատակարարվելու է պետությանը պատկանող «Հյուսիս-Հարավ» մագիստրալային գազատարով:

Թբիլիսցի փորձագետ Անդրիա Գվիդիանիի խոսքով, սակայն, այդ հանգամանքը որևէ մեկին չպետք է զարմացնի, քանի որ 2006 թվականից ի վեր Վրաստանի գազի շուկան ազատականացվել է:

«Միանշանակորեն կարելի է ենթադրել, որ «Գազկո+»-ը ռուսական գազը ձեռք է բերելու շատ ավելի գրավիչ գնով, քան այսօր Վրաստան մատակարարվող ադրբեջանական վառելիքի արժեքն է: Ինչ վերաբերում է կառավարության ներգրավվածությանը, ապա երկրի գազատրանսպորտային ընկերության միակ գործառույթը համակարգը սարքին վիճակում պահելն է: Շուկան, իր հերթին, բաց է ցանկացած երկրից ցանկացած քանակության գազի մատակարարման համար», - նշում է փորձագետը:

Վրացական ընդդիմությունը, մինչդեռ, այս մոտեցմանը կտրականապես համաձայն չէ: «Ազգային միացյալ շարժում» կուսակցության անդամ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Ռոման Գոցիրիձեն վստահ է` «Գազպրոմ»-ի հետ պայմանագիր կնքած մասնավոր ընկերության թիկունքում նշմարվում է վրացական իշխանությունների այն հատվածը, որն ամեն կերպ փորձում էր երկիր մատակարարվող ադրբեջանական գազը փոխարինել ռուսականով:

«Մի իրավիճակում, երբ երկրում գազի պակասորդ չկա, և Ադրբեջանը ամբողջությամբ կատարում է իր ստանձնած պարտավորությունները, անհայտ մի ընկերություն հանկարծ հայտարարում է Ռուսաստանից գազ գնելու մտադրության մասին: Ավելին, այդ ամենը գաղտնի պայմաններում է արվում, և ստացվում է, որ մենք փակեցինք դռները «Գազպրոմ»-ի առջև, բայց այն մուտք գործեց պատուհանից», - նշում է թբիլիսցի տնտեսագետը:

XS
SM
MD
LG