Մատչելիության հղումներ

Փոստանջյան. Սեֆիլյանի ձերբակալման պատվերը գալիս է Բաղրամյան 26-ից


Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է՝ Սեֆիլյանի գործը բացառապես իրավական դաշտում է։

Ընդդիմադիր խորհրդարանականները համոզված են՝ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը նկատում է՝ Սեֆիլյանն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առաջինն էր, ով բարձրաձայնեց կորսված 800 հեկտարի մասին ու պատրաստակամություն հայտնեց տարածքները ետ գրավելու համար ջոկատներ ստեղծել։

«Անկեղծ ասած, ես, երբ դիտեցի Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որ նա տալիս էր Վիեննայից վերադառնալու ճանապարհին՝ օդանավի մեջ, այնտեղ մի շատ զարմանալի դրվագ կար՝ ինքն ասում էր, որ մարդիկ Երևանում՝ սրճարաններում, քարտեզներ են գրում, խորհուրդներ են տալիս, թե ով, որտեղ գնա, ինչը գրավի, նկատի ունի հանձնված կամ կորսված հողերի հետ վերադարձի մասին։ Ասում էր՝ «իմ խորհուրդը էդ մարդկանց՝ թող գնան և իրենք գրավեն»։ Հիմա գիտեք, որ Ժիրայր Սեֆիլյանը էդպիսի մի նախաձեռնության հեղինակ է, և, փաստորեն, մի նախաձեռնություն է ձևավորվում, որն ասում է՝ «ես ուզում եմ և՛ գնամ, և՛ հետ վերցնեմ», և հաջորդ պահին Սերժ Սարգսյանը, ի հեճուկս իր խորհրդի, ձերբակալում է այդ նախաձեռնության հեղինակին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փաշինյանը։

Սեֆիլյանի ձերբակալությունը կորսված տարածքների փաստը հրապարակելու հետ է կապում նաև ընդդիմադիր «Ժառանգություն»-ը։

«Սա դավաճանություն է, և դավաճանության մասին բարձրաձայնելը և փաստեր ներկայացնելը պատռում է իրենց դիմակը, և դրանից նաև խուճապի մատնված այսպիսի քայլերի են իրենք դիմել», - ասաց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, իշխանությունները ղարաբաղյան կարգավորման հարցում տարածքային զիջումների են պատրաստվում ու այդ ճանապարհին փորձում են մեկուսացնել ընդդիմացողներին։

«Պատվերը գալիս է Բաղրամյան 26-ից։ Բաղրամյան 26-ը, որը պայմանավորվել էր, փաստորեն, հայապատկան տարածքները հանձնել թշնամուն, այդ ծրագիրը չի կարողացել ամբողջական իրագործել։ Այն, ինչ որ նախաձեռնում էր Ժիրայր Սեֆիլյանը՝ մարդկանց հավաքագրումը՝ ազատագրելու մեր բռնազավթած հայրենիքը, դա մտահոգել է Բաղրամյան 26-ին», - ասաց Փոստանջյանը։

Իշխող Հանրապետականում (ՀՀԿ), սակայն, համամիտ չեն ընդդիմադիրների պնդումներին։ Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է՝ Սեֆիլյանի գործը բացառապես իրավական դաշտում է։

«Ես բացառում եմ, որ Հայաստանում... ոչ թե բացառում եմ, ես ո՞վ եմ, որ բացառեմ կամ չբացառեմ, իմ կարծիքով՝ Հայաստանում քաղաքական հալածանքների ժամանակներն անցյալում են», - ասաց Շարմազանովը։

Հանրապետականի խոսնակը ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ է տալիս գնահատականներ հնչեցնելու փոխարեն սպասել քննչական գործողությունների ավարտին։ «Հետաքննությունն իրականացվում է, դեռ չի ավարտվել, պարոն Ժիրայր Սեֆիլյանն ունի փաստաբան, ամեն ինչ հրապարակային կլինի, և սա այն հարցը չէ, որը ես պետք է մեկնաբանեմ», - ասաց Շարմազանովը։

Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության կապակցությամբ առայժմ գնահատականներ չի հնչեցնում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)։

Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն «Ազատության»-ը տեղեկացրեց, որ ուշադրությամբ հետևում են իրադարձությունների զարգացմանը, անհրաժեշտության դեպքում հանդես կգան համապատասխան հայտարարությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG