Մատչելիության հղումներ

«Այսօրվա խնդիրը շփման գծում պատերազմի վերսկսման բացառումն է»


Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: 20-ը հունիսի, 2016 թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: 20-ը հունիսի, 2016 թ․

Հայաստանի քաղաքական ուժերի ղեկավար ներկայացուցիչները «Ազատության» հետ զրույցներում իրենց կարծիքներ են հայտնում սանկտպետերբուրգյան հանդիպման արդյունքների շուրջ:

Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը օգտակար և հուսադրող է համարում Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, արխիվ:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, արխիվ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք քայլ կատարեցինք, թեկուզ փոքրիկ քայլ, ոչ թե դեպի պատերազմի վերսկսում, այլ դեպի խաղաղություն, թեկուզ միգուցե ժամանակավոր»:

Հարցին, թե արդյոք հետընթաց չէ, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը հետևած հայտարարության մեջ չի նշվում հրադադարի խախտումների քննության մեխանիզմի ներդրման մասին, մինչդեռ Վիեննայի հանդիպմանը, ըստ հաղորդագրության, նախագահները համաձայնել էին հակամարտության գոտում ոչ միայն ավելացնել միջազգային դիտորդների թիվը, այլև հրադադարի խախտումները քննող մեխանիզմներ ստեղծել, Շարմազանովը պատասխանեց․ - «Չեմ կարծում, որ մենք հիմա պիտի խոսենք զիջումների կամ հետընթացի մասին: Եթե ուշադիր եք եղել, հայկական կողմը նշել էր, որ բանակցությունը կլինի բանակցությունների վերսկսման վերաբերյալ, և դա պետք է լինի Վիեննայի պայմանավորվածությունների շարունակությունը»:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ գնահատականներ տալու համար շատ քիչ բան է հայտնի բանակցություններից:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, արխիվ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, արխիվ:

Նշելով, որ դիվանագիտական գործընթաց է գնում՝ Զուրաբյանը շարունակեց․ - «Շատ դժվար է գնահատականներ տալ մի քանի նախադասությունների հիման վրա, որոնք ավելի շատ կոչված են քողարկելու դիվանագիտական այդ գործընթացի մանրամասները, քան բացահայտելու: Կարելի է, իհարկե, հարց տալ՝ եթե Վիեննայում պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմ արագորեն հաստատելու մասին, դրա մասին ինչո՞ւ որևէ խոսք չեղավ: Որովհետև Վիեննայի մեկ այլ որոշման մասին Լավրովը խոսեց և ասեց, որ կողմերը պայմանավորվել են, ինչպես արել են դա նաև Վիեննայում, որ ռազմաճակատի գծում կտեղավորվեն ավելի շատ դիտորդներ: Կարծում եմ, մենք չպիտի գուշակություններով զբաղվենք: Մի բան ակնհայտ է, որ պայթյունավտանգ վիճակը Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատում պահպանվում է, և դա ավելի շատ կապված է ռազմաստրատեգիական բալանսի փոփոխության հետ: Եվ լուրջ ջանքեր են գործադրվում հնարավոր այդ պայթյունավտանգ իրավիճակից զերծ մնալու ուղղությամբ»:

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի կարծիքով, պետերբուրգյան հանդիպումից հետո տարածված հայտարարությունը դրական ազդակներ է փոխանցում, և իրենք նույնպես դրական են գնահատում հանդիպումը․ - «Ընդհանուր տպավորությունը բավական դրական է, բայց կարծում եմ, ժամանակ պետք է, որպեսզի մենք իսկապես հասկանանք․ եթե կան պայմանավորվածություններ, դրանք ինչքանով են իրական դառնում, կամ նաև հասկանալ, որ ճիշտ ինչ է խոսվում»:

Դաշնակցության ղեկավար անդամ Կիրո Մանոյանը, արխիվ:

Դաշնակցության ղեկավար անդամ Կիրո Մանոյանը, արխիվ:

Մանոյանը հավելում է, սակայն, մտահոգություն ունեն, որ երբ շփման գծում ի վերջո միջնորդների ճնշումով ավելացվեն վստահության մեխանիզմները, մեծանա միջազգային դիտորդների քանակը, կամ հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմներ ստեղծվեն, կսկսվեն արդեն բուն հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները, որոնց ընթացքում արդեն կուժեղանան ճնշումները Հայաստանի վրա՚ պարտադրելու հարցը լուծել փուլային տարբերակով, տարածքային զիջումներ կատարել՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու․ - «Կարող է լինի, որ առանց բոլոր սկզբունքների շուրջ վերջնական համաձայնության, արդեն սկսեն մշակել այսպես կոչված համապարփակ համաձայնագիրը, ինչը կարող է նաև այլ հետևանքներ ունենալ»:

«Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը դրական չի համարում ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տեղի ունեցած հանդիպումները, քանի որ դրանք որևէ կերպ չեն փոխել իրադրությունը․ Ադրբեջանը պատասխանատվության չի կանչվել իր սանձազերծած ագրեսիայի համար, այնինչ Հայաստանը, Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման սկզբունքը խախտելուց հետո, պետք է չեղյալ համարեր բանակցային սեղանին գտնվող բոլոր փաստաթղթերն ու բանակցությունները սկսեր զրոյից՝ Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ:

«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, արխիվ:

«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, արխիվ:

«Հայկական կողմը ո՛չ քաղաքական հայտն է ձևակերպել, ո՛չ էլ քաղաքական հայտը ներկայացրել է․․․ Քաղաքական հայտը պետք է ձևակերպվի, որ հայկական կողմը սկսում է ամեն ինչ զրոյից, Արցախի Հանրապետության օրինական ներկայացուցիչները պարտադիր պետք է ներգրավված լինեն, եթե ոչ՝ ապա որևէ հանդիպում, կամ քննարկում, կամ հայտարարություն որևիցե կապ չունեն բանակցային գործընթացի հետ կամ խնդրի կարգավորման հետ: Դեռ ավելին՝ դրանք նպաստելու են ապագա ագրեսիայի ավելի լայնածավալ կիրառմանը և ագրեսիայի երկրորդ փուլին: Հիմա մենք ասում ենք, որ այս հանդիպումները, հակառակը, փաստում են, որ տեղի է ունենալու ագրեսիայի երկրորդ փուլ, որը մեր համար վտանգավոր է, մեր համար անդառնալի հետևանքներ պարունակող է»:

XS
SM
MD
LG