Մատչելիության հղումներ

Սեֆիլյանն իր դեմ ցուցմունքն ու քրգործը անհեթեթ է համարում


Իրավապահները բերման են ենթարկում Ժիրայր Սեֆիլյանին, 20-ը հունիսի, 2016թ.

Իրավապահները բերման են ենթարկում Ժիրայր Սեֆիլյանին, 20-ը հունիսի, 2016թ.

Երեկ նա առերեսվել է իր դեմ ցուցմունք տված անձի հետ։

Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանն «Ազատության»-ը տեղկացրեց, որ զինված խմբավորումների միջոցով շենքեր գրավելու մտադրություն ունենալու մեջ կասկածվող Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվելուց հետո երեկ առերեսվել է իր դեմ ցուցմունք տված անձի հետ։

Փաստաբանը հավելեց, որ ազատամարտիկի դեմ ցուցմունք տված անձը նրա գործով կալանավորվածներից մեկն է։ «Պաշտպանական կողմի կարծիքով՝ նա այն անձնավորությունն է, ով որ քննչական մարմնի պատվերն է կատարում։ Նա ցուցմունք է տվել Սեֆիլյանի դեմ, ընդ որում, անհեթեթ՝ ըստ մեր պաշտպանյալի գնահատման և մեր, որի նպատակը մեկն էր՝ ձևականորեն արհեստական ապացույց ձեռք բերվի Ժիրայր Սեֆիլյանին կալանավորելու համար։ Սեֆիլյանը հայտարարել է, որ էս ամբողջը բացահայտորեն իրականությանը չի համապատասխանում, անհեթեթություն է և իշխանության կողմից նախապես մշակված հերթական ծրագիրը՝ քաղաքական հայացքների համար իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար», - ասաց Սեֆիլյանի շահերի պաշտպանը։

Առաջիկա երկու օրերի ընթացքում Սեֆիլյանը պետք է կալանավորվի, կամ ազատ արձակվի: Նրա շահերի պաշտպանը պնդում է, որ մեղադրող անձի հետ առերեսումն իրականացվել է, որպեսզի ազատամարտիկի կալանավորման համար արհեստական հիմք ստեղծվի:

Փաստաբանը պնդեց նաև, որ առերեսումն անցել է օրենքի խախտմամբ, քանի որ այն կարող էր տեղի ունենալ, եթե Սեֆիլյանի և մյուս անձի ցուցմունքների միջև հակասություն լիներ, այնինչ՝ Սեֆիլյանը մինչ այս պահը հրաժարվել է ցուցմունքներ տալուց: «Քննիչը թույլ չտվեց պաշտպաններից և ոչ մեկին հարց ուղղել առերեսվողին՝ նրա ասածների հավաստիությունը կասկածի տակ դնելու առումով», - ասաց Զաքարյանը։

Մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելը կազմակերպելու կասկածանքով երեկ ձերբակալված Սեֆիլյանին այսօր այցելել է օմբուդսմենի գրասենյակի արագ արձագանքման խումբը:

«Առանձնազրույցի ընթացքում պարոն Սեֆիլյանը որևէ բողոք չի հայտնել կապված առողջական վիճակի հետ։ Նա նշել է, որ բողոք չունի նաև ձերբակալվածների պահման վայրի աշխատակիցներից», - «Ազատության»-ը փոխանցեց Մարդու իրավունքների պաշտպանի խոսնակ Զոհրապ Եգանյանը։

Եգանյանը տեղեկացրեց նաև, որ Սեֆիլյանի ձերբակալման և քրեական հետապնդման հարուցման կապակցությամբ օմբուդսմենը պարզաբանումներ է պահանջել քննություն իրականացնող մարմիններից:

Քննչական կոմիտեն երեկ տեղեկացրել էր, որ մեկ ամիս առաջ տեղի ունեցած ավտովթարի մասնակից մեքենաներից մեկում հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում էլ պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել է զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը:

Չնշելով անուններ՝ Քննչական կոմիտեից տեղեկացնում են նաև, որ այս գործի շրջանակներում ութ անձի մեղադրանք է առաջադրվել, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: «Առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են ինչպես գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցներով, այնպես էլ՝ խմբի անդամների խոստովանական ցուցմունքներով», - տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

«Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Վարուժան Ավետիսյանի պնդմամբ՝ իրենց շարժման իրեն հայտնի որևէ այլ անդամ կալանավորված չէ:

Ավետիսյանը անհեթեթ է համարում զինված խմբավորումներով շենքեր գրավելու մտադրության մասին տեղեկությունը: «Գրավեր, որ ի՞նչ նպատակ հետապնդեր դրանով, ուղղակի շենքեր գրավե՞ր», - ասաց Ավետիսյանը։

«Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամն ասաց, որ շարունակելու են ապրիլյան պատերազմի օրերին կորցրած 800 հեկտարը հետ բերելու համար Սեֆիլյանի նախաձեռնած կամավորների հավաքագրումն ու «Ազգային դիմադրության կոմիտեի» ստեղծումը, որի խնդիրն է իշխանափոխությունն ու Ղարաբաղին հարակից տարածքների զիջումը թույլ չտալը:

«Սպիտակ թելերով կարված այդ գործի և Ժիրայր Սեֆիլյանին դրանով մեկուսացնելու միակ նպատակը նրա նախաձեռնած դիմադրական շարժումը կասեցնելն է։ Նրան ձերբակալելով առաջացավ միանգամայն այլ ընկալում, որ փաստորեն ճիշտ էր Ժիրայր Սեֆիլյանը, ճիշտ էին ասում այս մարդիկ, որ Սերժ Սարգսյանը երկիրը հանձնում է հանուն իշխանության», - ասաց Ավետիսյանը։

Ընդդիմադիր գործիչը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին Սեֆիլյանի ազատ արձակման պահանջով սկսելու են բողոքի տարատեսակ միջոցառումներ իրականացնել:

XS
SM
MD
LG