Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը դատապարտում է Սեֆիլյանի նկատմամբ «քաղաքական հետապնդումները»


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

«Ժառանգություն» կուսակցությունը այսօր տարածած հաղորդագրությունում «քաղաքական հալածանք» է որակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը և խստորեն դատապարտում նրա նկատմամբ «հերթական քաղաքական հետապնդումները»:

Հիշեցնելով, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Սեֆիլյանը ապօրինի կերպով զենք և ռազմամթերքներ ձեռք բերելը, փոխադրելն ու պահելը կազմակերպելու կասկածանքով Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կողմից ձերբակալվել է երեկ՝ ավելի վաղ հարուցված մի քրգործի շրջանակում, «Ժառանգություն»-ը համոզմունք է հայտնում, որ ընդդիմադիր գործչի նկատմամբ հետապնդումները «այս անգամ պայմանավորված են տարածքային զիջումների և, մասնավորապես, արցախյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների դեմ վճռականորեն հանդես գալու՝ նրա դիրքորոշմամբ»:

«Անընդունելի ենք համարում շինծու մեղադրանքով քաղաքական գործիչներին, ազատամարտիկներին, հանրության հարգանքն ու վստահությունը վայելող անձանց մեկուսացնելու, ահաբեկելու կամ բարոյապես ընկճելու՝ օրվա իշխանությունների անփոփոխ գործելակերպը: «Ժառանգության» գնահատմամբ՝ սա քաղաքական հալածանք է, որի պատվիրատուները փաստորեն փորձում են իրենց երերացող աթոռների տեղն ամրապնդել երկրի պաշտպանունակությունն ու ազզգային անվտանգությունը թուլացնելու գնով: Պայքարը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG