Մատչելիության հղումներ

Այսօր Տավուշի մարզի գյուղերի բնակիչները շուրջ մեկ ժամ փակ պահեցին Նոյեմբերյան - Երևան մայրուղին։

Համայնքների միավորմանը դեմ արտահայտվող ցուցարարները Տավուշի մարզպետի ու Տարածքային կառավարման նախարարի հետ հանդիպում էին պահանջում։

Տավուշցիները մայրուղին բացեցին միայն այն բանից հետո, երբ Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը խոստացավ, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը վաղն առավոտյան Ոսկեպար գյուղ կգա ու գյուղացիներին հուզող բոլոր հարցերին կպատասխանի։

Նախորդ շաբաթ համայնքների խոշորացմանը վերաբերող օրինագիծը Ազգային ժողովն ընդունեց առաջին ընթերցմամբ։ Մինչև քվեարկությունը պատգամավորներից շատերը խնդրեցին հետաձգել 118 քաղաք ու գյուղ խոշորացնելուն վերաբերող փաթեթի քվեարկությունը՝ պատճառաբանելով, թե այս փուլում միավորումն արդարացված չէ։

Սահմանամերձ Ոսկեպարի բնակիչները վրդովված են, որ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու, համայնքը ցանկանում են Նոյեմբերյան քաղաքին միացնել։

«Դեպուտատներ ունենք ընդեղ՝ կնոպկա սխմողները․․․ գոնե մեր կարծիքը հարցնեին», - վրդովված ասաց մի ոսկեպարցի տղամարդ:

Հակառակորդի կրակահերթերի տակ ապրող գյուղացիները նշում են, որ նման փորձեր կարելի է անել այլ, բայց ոչ սահմանային համայնքներում։

Գյուղացիների մի մասն էլ մտավախություն ունի, որ միասնական բյուջեն նպատակային չի ծախսվի ու Նոյեմբերյանի ղեկավարն առաջինն իր քաղաքի խնդիրները կլուծի, ոչ թե սահմանամերձ գյուղերինը։

«Սահմանային գեղ է, էգուց, ենթադրենք, կրակոց էլավ, պետք ա ամենահասարակ մի հատ հերթապահություն կազմակերպել, ո՞վ տի էդ հերթապահությունը կազմակերպի», - հարց բարձրացրեց գյուղացիներից մեկը:

Նրա համագյուղացիներից մեկը հավելեց․ - «Էդ ծրագիրը գոնե այս մոտակա ժամանակաշրջանում սահմանամերձ, իրարից կտրատած բնակավայրերի համար ժամանակավրեպ է: Որովհետև, եթե Նոյեմբերյանի համայնքապետը հնարավորություն ունենա, առաջին հերթին իր համայնքի մասին կմտածի, իր դարդ ու ցավը կհոգա․․․ Արարատյան դաշտի գյուղերը մեկը մյուսից․․․ չգիտես որ գյուղը որտեղ ա վերջանում: Էդ էքսպերիմենտը թող ընդեղ անեին․ եթե մենք տեսնենք, որ շատ լավ արդյունք տվեց, մենք մի հատ հանրաքվե կանենք, որ օրենքն ա, կասենք՝ մենք էլ ենք ուզում էդ էքսպերիմենտին մասնակցենք: Բայց հազիվ իրա գոյությունը պաշտպանող, սահմանամերձ, կրակի տակ գյուղերում, որ ուժեղացման կարիք ունի, էսօր միացնում ենք, ստեղծենք․․․․ ես չգիտեմ ինչ պիտի ստեղծվի»:

Ոսկեպարցիները պնդում են, որ կրկին ճանապարհ կփակեն, եթե նախարարի հետ հանդիպումից հետո ծրագիրն իրենց համայնքներում չեղարկելու որոշում չկայացվի:

XS
SM
MD
LG