Մատչելիության հղումներ

ՌԴ ԱԴԾ․ Նեմցովին սպանել են ինքնաշեն զենքից


Զաուր Դադաևը և մյուս կասկածյալները Մոսկվայի դատարանում, 1-ը մարտի, 2016թ.

Զաուր Դադաևը և մյուս կասկածյալները Մոսկվայի դատարանում, 1-ը մարտի, 2016թ.

Ռուսաստանի Քննչական կոմիտեի խոսնակ Վլադիմիր Մարկինն ասել է, որ Նեմցովի սպանության համար խոստացվել է 15 միլիոն ռուբլի:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն այսօր տարածել է մամլո հաղորդագրություն, որի համաձայն, քաղաքական գործիչ, «Ժողովրդական ազատություն» կուսակցության համանախագահ, Յարոսլավլի շրջանային դումայի պատգամավոր, նախկին փոխվարչապետ, Պետական դումայի նախկին փոխխոսնակ Բորիս Նեմցովին անցյալ տարի Մոսկվայի կենտրոնում սպանել են ինքնաշեն ատրճանակից:

Ծառայության փորձագետների պնդմամբ, այդ զենքը հանցագործները հավաքել են տնային պայմաններում՝ միմյանց հարմարեցնելով արտասահմանից բերված երկու տարբեր ատրճանակների մասեր: Անվտանգության դաշնային ծառայության զեկույցում այդ կապակցությամբ նշվում է, որ վերջին ժամանակաշրջանում աճել է արտասահմանից, նախ և առաջ՝ Ուկրաինայից, զենքի դետալների ապօրինի ներկրումը:

Ընդդիմադիր Բորիս Նեմցովին սպանել են 2015 թվականի փետրվարի 27-ին, Ռուսաստանի մայրաքաղաքի ամենակենտրոնական շրջանում՝ Կրեմլի մոտակայքում գտնվող Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջին: Առաջին իսկ օրը իրավապահները ենթադրել են, որ տեղի ունեցածը պատվիրված սպանություն է: Քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ մարդասպան Զաուր Դադաևի տանը հայտնաբերված փամփուշտները և Նեմցովի սպանության վայրում հայտնաբերված պարկուճները նույն թվականին արտադրել է նույն գործարանը:

Քննիչների պնդմամբ, ինքնաշեն ատրճանակը գնել է և ենթադրյալ հանցագործին է փոխանցել ոմն Ռուսլան Մուխուդինովը, ով այսօրվա դրությամբ գտնվում է հետախուզման մեջ: Ըստ ԱԴԾ-ի, հանցագործներն արտասահմանից բերում են զենքերի ճիշտ մակետները, որոնք տնային պայմաններում վերածում են իսկական զենքի: Այդպիսի զենքերից է GTA հապավումով հայտնի կազմակերպված ավազակախումբը Մոսկվայի մարզում սպանել մի քանի վարորդների: GTA-ն Grand Theft Auto կոմպյուտերային խաղի անվան հապավումն է: Մամուլում այդպես են անվանել խումբը, քանի որ սպանությունները նման էին այդ խաղում օգտագործվող սցենարներին:

Ինքը՝ խմբավորումն իրեն անվանել է «Ջամաաթ»: Խումբը բացահայտվել է, կասկածյալների մեծ մասը ձերբակալվել է, և առաջիկայում սկսվելու է դատավարությունը: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ մակետից իրական զենքի վերածված սարքավորումներից են սպանվել նաև Բորիս Նեմցովը և Կաբարդինո-Բալկարիայի տեղական օրենսդիր մարմնի պատգամավոր Բաշիր Կանտեմիրովը:

Նեմցովի սպանության գործով ընդհանուր հաշվով ձերբակալված է 5 կասկածյալ, բոլորն էլ Չեչնիայից են: Ռուսաստանի Քննչական կոմիտեի խոսնակ Վլադիմիր Մարկինն այսօր ասել է, որ խմբին Նեմցովի սպանության համար խոստացել են 15 միլիոն ռուբլի (ներկայիս փոխարժեքով` մոտ 232 հազար ամերիկյան դոլար): Հետախուզման մեջ գտնվող Մուխուդինովը ժամանակին եղել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի թիկնազորի անդամը:

Նեմցովի ընտանիքի փաստաբան Վադիմ Պրոխորովն այսօր ասել է, թե քննությունը ոչ մի դեպքում չի համարվի ավարտված, քանի դեռ չեն բացահայտվել և դատարանի առաջ չեն կանգնել սպանության իրական պատվիրատուները:

XS
SM
MD
LG