Մատչելիության հղումներ

Լևոն Բարսեղյան․ Ընդդիմությունը իշխանության հետ կրելու է ընտրությունների անցկացման պատասխանատվությունը


Լևոն Բարսեղյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Լևոն Բարսեղյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քաղաքական ուժերի միջև ստորագրված համաձայնագիրը, Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի կարծիքով, կոնսենսուս չէ։

4+4+4 ձևաչափում քաղհասարակությունը ներկայացնող Բարսեղյանը պնդում է, թե համաձայնագրի տակ ստորագրելով՝ ընդդիմությունը իշխանության հետ կրելու է ընտրությունների անցկացման ամբողջ պատասխանատվությունը․ - «Մեղքը կիսելու են նրանք, ովքեր շատ ուրախ են այս հաղթանակով: Հետո ասելու են՝ այդ պահին հաղթանակ էինք գնահատում, բայց դե իշխանությունը քաղաքական կամք չդրսևորեց: Բայց կային շատ սկզբունքային կետեր, և դրանք բանակցային սեղանին էին, որոնք եթե լուծվեին, իսկապես շոշափելիորեն կնվազեր ընտրակեղծիքների ծավալը»:

Բարսեղյանի խոսքով, տևական քննարկումներից հետո համաձայնագրի տակ քաղհասարակության ստորագրությունը չհայտնվեց, քանի որ, իրենց կարծիքով, իշխանության ներկայացրած առաջարկները ազատ ու արդար ընտրությունների երաշխիք չեն տալիս․ - «Իշխանությունը իր կարողությունների չնչին մասն է դրել։ Հիմա որ վիճում ենք, ասում են՝ բա առաջ որ դա էլ չունեի՞նք․․․ Ասում եմ՝ մարդու ձեռը վնասվել է, տարել նորոգում են, այդ ընթացքում ոտը վրայից պոկում են»:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով, համաձայնագիրը ստորագրած ընդդիմադիր քաղաքական ուժերը գործարք են կնքել իշխանության հետ․ - «Ես դա համարում եմ կոնսենսուս Սերժ Սարգսյանի դավաճանության շուրջ: Որովհետև որևիցե խնդիր չի լուծվելու․ լուծվում են մասնավոր անձանց մասնավոր խնդիրներ, և դեռ ավելին՝ սպասարկում են դավաճանությունը»:

Փոստանջյանը նշեց, որ ընդդիմության ու քաղհասարակության միասնական 5 պահանջները նաև «Ժառանգության»-ն էին:

4+4+4 ձևաչափով քննարկումների հրավերն ի սկզբանե մերժած պատգամավորի համոզմամբ՝ բանակցությունները որևէ արդյունք չտվեցին․ - «Մենք բոլորս պնդում էինք, որ մեծամասնական ընտրակարգը պետք է վերանա: Այդ մեծամասնական ընտրակարգի վերացումը փաստորեն տեղի չի ունենում․ նորից շարունակվելու է վարչական ռեսուրսի օգտագործմամբ և օլիգարխիկ համակարգի օգտագործմամբ համալրումը Ազգային ժողովի պատգամավորների»:

Ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության, քաղհասարակության ու իշխանության միջև 4+4+4 ձևաչափը նախաձեռնած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անհեթեթ է համարում իշխանության հետ գործարքի գնալու մասին խոսակցությունները․ - «Արդեն երևի իրար հետ կմրցակցեն, թե ով ավելի կեղտոտ բան կասի: Բայց խնդիրը հետևյալն է․ նախ սա կոնսենսուս չէր Ընտրական օրենսգրքի շուրջ, որը թույլ կտար, ինչպես ոմանք պնդում են, լեգիտիմացնել իշխանությունների Ընտրական օրենսգիրքը: Բացարձակապես: Մենք դեռ մի բան էլ ավելի վատ ենք գնահատում, քան քաղաքացիականները իրենց գնահատականներում, այս Ընտրական օրենսգիրքը»:

Անցյալ շաբաթ Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան»-ի, «Օրինաց երկիր»-ի, Հայ Յեղափոխական Դաշնակցության, Հայաստանի հանրապետական կուսակցության ու կառավարության անդամների միջև ձեռք բերված համաձայնությամբ՝ սպասվում է, որ առաջիկա օրերին ԱԺ-ի արտահերթ նիստով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կկատարվեն, որոնց համաձայն՝ կուսակցություններին կտրամադրվեն քվեարկած անձանց ցուցակները, քվեարկությունը կթույլատրվի միայն նույնականացման քարտերով, կստուգվեն ընտրողների տասը մատնահետքերը, ընտրական գործընթացը բոլոր տեղամասերից կհեռարձակվի ուղիղ եթերով։

Զուրաբյանը նույնպես պնդում է՝ համաձայնագիրը ազատ ու արդար ընտրությունների անցկացման երաշխիք չէ, սակայն, ըստ նրա, առաջարկվող փոփոխություններով զգալիորեն սահմանափակվում է կեղծարարության դաշտը․ - «Մասնակի համաձայնությունը, որ ձեռք է բերվել ընտրությունների օրինականության վերահսկման մեխանիզմների շուրջ, այսինքն՝ Ընտրական օրենսգրքի մի քանի դրույթների շուրջ, համարում ենք արմատական ճեղքում, որը ծառայելու է բոլոր քաղաքական ուժերի նպատակներին: Եվ ես խնդրում եմ գտնեք որևէ քաղաքական ուժ, որը ասի, որ այդ դրույթները հակասում են ազատ և արդար ընտրության անցկացման շահերին»:

Պատգամավորի համար անհասկանալի է հատկապես Լևոն Բարսեղյանի քննադատությունը: Զուրաբյանը պնդում է, ամիսներ տևած քննարկումների ընթացքում ՀԱԿ-ը միշտ կարևորել է քաղհասարակության կարծիքը, և համաձայնագիրը ստորագրել են միայն փոփոխությունների վերաբերյալ նրանց դրական գնահատականը ստանալուց հետո։

XS
SM
MD
LG