Մատչելիության հղումներ

Սարգսյանն ու Պուտինը քննարկել են Վիեննայի համաձայնությունների կատարման ընթացքը


Սերժ Սարգսյան և Վլադիմիր Պուտին, Սանկտ Պետերբուրգ, 20-ը հունիսի, 2016թ․

Սերժ Սարգսյան և Վլադիմիր Պուտին, Սանկտ Պետերբուրգ, 20-ը հունիսի, 2016թ․

Սանկտ Պետերբուրգի «Կոնստանտինովյան» պալատում այսօր կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, «ռազմավարական գործընկեր երկու երկրների նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր, այդ համատեքստում անդրադարձել տարածաշրջանի զարգացումներին և անվտանգությանն սպառնացող ներկայիս մարտահրավերներին»:

Նախագահները մտքեր են փոխանակել Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ կայացած հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ:

Հաղորդագրության համաձայն, իր խոսքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, նշել է՝ «Մենք քիչ առաջ երկուսով՝ Սերժ Ազատիի հետ, որոշ հարցերի շուրջ բավականին հանգամանալից զրույց ունեցանք: Ընդլայնված կազմով մեր հանդիպման սկզբում կցանկանայի նշել, որ մենք արձանագրում ենք ապրանքաշրջանառության աճ` չնայած մեր և միջազգային տնտեսություններում առկա բոլոր դժվարություններին:

Մի քանի անգամ, կարելի է ասել, աճել է հայկական կողմից գյուղատնտեսական ապրանքների մատակարարումը ռուսական շուկա, ինչը մեզ շատ է ուրախացնում: Հուսով եմ, որ ընդհանուր առմամբ, այս միտումը լիովին կամրապնդվի թե՛ ապրանքաշրջանառության զարգացման, թե՛ մեզ համար զգայուն ապրանքախմբերի տեսակետից: Կարելի է նշել, որ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում մեր հարաբերությունները զարգանում են էլ ավելի ինտենսիվ, քան դրանք ավելի վաղ զարգանում էին երկկողմ հիմքերի վրա, ինչը մեզ շատ է ուրախացնում: Կա հնարավորություն և անհրաժեշտություն խոսել այն մասին, թե ինչպես ենք մենք գործելու հետագայում: Այժմ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, և աշնանը պետք է կայանա բարձր մակարդակի հանդիպում: Հոկտեմբերին, այդ մասին նույնպես կխոսենք: Մենք շատ ուրախ ենք Ձեզ տեսնել: Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը»:

Սերժ Սարգսյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի նախագահին` Սանկտ Պետերբուրգում նման հանդիպում կազմակերպելու նախաձեռնության համար, ասել է՝ «Վլադիմիր Վլադիմիրի, քանի որ այս հանդիպումը հիմնականում նվիրված է Ղարաբաղին, ես կանգ չեմ առնի երկկողմ հարցերի օրակարգի վրա: Բոլոր ուղղություններով կապերն ամրապնդվում են: Իրականում, այստեղ խնդիրներ չկան:

Մեր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում հայտնի է բոլորին: Մենք ցանկանում ենք, որպեսզի հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մյուս ղեկավարներին այն ուշադրության, ջանքերի համար, որ դուք հատկացնում եք այս հարցին: Բայց, ցավոք, մի կողմի ցանկությամբ նման հակամարտությունները ոչ մի կերպ չեն լուծվում: Եվ մենք, իհարկե, շատ ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջ շարժվել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ` այսինքն` Հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմներ ստեղծենք»:

XS
SM
MD
LG