Մատչելիության հղումներ

Սարգսյանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերությունները և ԼՂ հարցը․ Կրեմլ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքէջը:

«Մենք հիմա երկուսով որոշ հարցերի շուրջ բավական հիմնովին խոսեցինք: Ավելի լայն կազմով մեր զրույցի սկզբում կցանկանայի ասել, որ մենք, չնայած համաշխարհային և մեր տնտեսությունում բոլոր բարդություններին, արձանագրում ենք ապրանքաշրջանառության աճ», - Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը և շարունակել․ - «Նշանակալիորեն, ես կասեի՝ անգամներով, աճել են հայկական կողմից ռուսաստանյան շուկա գյուղատնտեսական ապրանքների մատակարարումները, ինչը մեզ շատ ուրախացնում է: Հուսով եմ` այդ միտումը կամրապնդվի ընդհանուր առմամբ ապրանքաշրջանառության զարգացման և մեզ համար զգայուն ապրանքախմբերի ուղղությամբ»:

«Կարելի է նշել, որ ինտեգրացիոն գործընթացների շրջանակում մեր հարաբերությունները զարգանում են ավելի ինտենսիվ, քան երկկողմ հիման վրա էր, ինչը նույնպես մեզ ուրախացնում է», - նշել է Ռուսաստանի նախագահը:

Նա ասել է, որ զրուցելու են նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)՝ աշնանը ծրագրվող գագաթնաժողովի մասին: ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հստակեցրել է, որ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG