Մատչելիության հղումներ

Վրաստանում ակնկալում են, որ ԵՄ ԱԳ նախարարները հավանություն կտան վիզայի չեղարկմանը


Վրաստան - Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, 27-ը հունիսի, 2014թ․

Վրաստան - Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, 27-ը հունիսի, 2014թ․

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները այսօր Լյուքսեմբուրգում հերթական անգամ կքննարկեն Վրաստանի և ԵՄ-ի միջև ազատ վիզային ռեժիմ սահմանելու մասին որոշումը:

«Բնականաբար դրական սպասելիքներ ունենք: Այն, որ Վրաստանի քաղաքացիները Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմ կունենան, թեման լրացուցիչ քննարկումների ենթակա չէ: Խոսքն այժմ հստակ թվականների, մեխանիզմների մասին է, ինչը Վրաստանի հետ ուղղակի կապ չունի: Վստահ եմ, որ նախարարները մեզ համար նպաստավոր որոշում կկայացնեն», - հայտարարել է վրացական խորհրդարանի պատգամավոր Իրակլի Սեսիաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության հետ զրույցում:

2014 թվականին Եվրամիության ու Վրաստանի միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումից հետո ակնկալվում էր, որ արդեն այս ամառ վրացիները իրավունք կստանան առանց վիզայի մուտք գործել Եվրամիության տարածք: Սակայն Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան արգելափակել են այդ որոշումը, չնայած Եվրոպական հանձնաժողովի հայտարարությանն առ այն, որ Վրաստանը կատարել է իր բոլոր պարտավորությունները:

Գերմանիան պնդում է, որ իշխող կոալիցիան՝ «Վրացական երազանք»-ը, բավարար չափով քայլեր չի ձեռնարկել, որպեսզի կանխի մաֆիայի և քրեական կազմակերպությունների հոսքը դեպի Եվրոպա: Բեռլինում հայտարարում են, որ հենց այդ խմբավորումների անդամներն են Գերմանիայում կողոպուտներ և գողություններ կազմակերպում:

Այժմ եվրոպական կառույցները փորձում են լրացուցիչ մեխանիզմները գտնել և ներդնել, որոնք կարող են զսպել զանգվածային միգրացիոն հոսքը և կանխել չարաշահումները՝ կապված ոչ-վիզային ռեժիմի սահմանման հետ:

«Մենք պետք է Վրաստանին տրամադրենք առանց վիզային ռեժիմ»,- հայտարարել է Եվրախորհրդարանի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը՝ հավելելով․ - «Բայց մինչ այդ պետք է պաշտպանիչ քայլեր նախատեսենք, այդ թվում նաև այդ համաձայնագիրը դադարեցնելու մեխանիզմներ՝ չարաշահումներ հայտնաբերելու պարագայում»:

Հոկտեմբերին Վրաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող «Վրացական երազանք»-ը խիստ կարիք է զգում Արևմուտքի կողմից որևէ քայլի: Դաշինքի վարկանիշը գնալով անկում է արձանագրում:

Հանրային կարծիքի հարցումների արդյունքների համաձայն՝ 2013 թվականի նոյեմբերից մինչև 2015 թվականը ժամանակահատվածում Եվրամիությանն ինտեգրվելու աջակիցների թիվը 83 տոկոսից նվազել է մինչև 61 տոկոս՝ այն դեպքում, երբ հակառակորդների թիվը 10 տոկոսից աճել է մինչև 21 տոկոս:

Վրացի փորձագետն արձանագրում է՝ անվերջ սպասողական վիճակը իր բացասական հետքն է թողնում հասարակության վրա:

«Վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը պետք է ավարտին հասցվի ամենաուշը մինչև սեպտեմբեր՝ մինչև ընտրություններ, հակառակ դեպքում, խոստումների չկատարումը Վրաստանում կմեծացնի Եվրոպայից սրտնեղած մարդկանց թիվը, ինչն էլ կարտացոլվի ընտրություններում»,- «Քվիրիս պալիտրա» վրացական պարբերականի հետ զրույցում կարծիք է հայտնել վրացի փորձագետ Սոսո Ցիսկարիշվիլին:

XS
SM
MD
LG