Մատչելիության հղումներ

Սարգսյան - Ալիև հանդիպումից հայկական կողմը մեծ ակնկալիքներ չունի


Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան

Վահրամ Բաղդասարյանը համոզված է՝ այս հանդիպման ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու։

Սանկտ Պետերբուրգում այսօր կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպումից հայկական կողմը մեծ ակնկալիքներ չունի: Ավելին՝ իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համոզված է՝ այս հանդիպման ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու։

«Գրեթե բացառում եմ։ Այսինքն՝ այս ընթացքում զարգացումներն այնպիսին են եղել, որ նման փաստաթուղթ ես չեմ տեսնում, որ կարող է ստորագրվել», - ասաց Բաղդասարյանը։

Նրա փոխանցմամբ, Հայաստանի նախագահն այս անգամ նույնպես Սանկտ Պետերբուրգ է մեկնել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով, ինչին Ադրբեջանը ընդդիմանում է:

Սակայն իշխող Հանրապետական խմբակցության ղեկավարը վստահ է՝ ինչպես որ Վիեննայի դեպքում, Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո նույնպես Ադրբեջանի նախագահը կհրաժարվի պայմանավորվածություններից։ «Այս հանդիպումը պարզապես հերթապահ հանդիպումներից մեկն է, որից մեծ ակնկալիքներ մենք չունենք», - ասաց Բաղդասարյանը։

Դիտարկմանը, թե մտահոգություններ են հնչում նաև վերլուծաբանների կողմից, որ Ռուսաստանը փորձելու է ստիպել Հայաստանին՝ գնալ տարածքային զիջումների, Հանրապետական խմբակցության ղեկավարն այսպես արձագանքեց. - «Փարատում եմ վերլուծաբանների անհանգստությունները, նման խնդիր չկա և չի կարող լինել՝ և՛ նաև «ստիպել» բառի հետ կապված, և՛ նաև մնացած բոլոր խնդիրների։ Այն, ինչը վերաբերում է մեր շահերին՝ հայաստանյան շահերին, եթե ի վնաս մեզ որևէ նման խնդիր կառաջանա, նման փաստաթուղթ չի ստորագրվի։ Եվ չեմ կարծում, որ ընդհանրապես առայժմ որևէ փաստաթղթի ստորագրման խնդիր կբարձրացվի»։

Հարցին, թե «լավրովյան առաջարկներ» կոչվածը չի՞ քննարկվելու այսօրվա հանդիպմանը, Բաղդասարյանը պատասխանեց. - «Տարբեր խնդիրներ կարող են քննարկվել, տարբեր խնդիրների շուրջ կարող են, այսպես ասած, խորհրդակցել, բայց չեմ կարծում, որ որևէ փաստաթղթի ստորագրման անհրաժեշտություն պետք է առաջանա»։

Ճշտող հարցին, որ եթե որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու, հանդիպումը որևէ հարց չի լուծելու, ապա ինչի՞ն է միտված այդ հանդիպումը, ի վերջո, Ռուսաստանը կգնա՞ երկարատև բանակցությունների միջոցով նման հանդիպման կազմակերպման՝ չակնկալելով որևէ արդյունք, Բաղդասարյանը պատասխանեց. - «Համենայն դեպս, գնդակը գտնվում է Մինսկի խմբի դաշտում, համանախագահների դաշտում, և եթե այս անգամ էլ որևէ արդյունք չի լինում և իրենք դա արձանագրում են, որ որևէ արդյունք չկա, և պետք է արձանագրվի, թե ում պատճառով չի լինում, և եթե խաղաղ ճանապարհով կարգավորմանը խոչընդոտում է կողմերից մեկը, կարծում եմ, որ պետք է արդեն հասցեական հայտարարություններ լինի, և արդեն նաև Մինսկի խմբի հեղինակության խնդիրն է և, ինձ թվում է, որ այստեղ պետք է նրանք այս հանդիպումից հետո արդեն կողմնորոշվեն և հասցեական հայտարարություններ կատարեն»։

Հակադարձելով այն պնդումներին, թե քանի որ Ադրբեջանը չի կատարում Հայաստանի կողմից առաջ քաշված վստահության մեխանիզմների ներդրման պահանջը, հետևաբար որևէ իմաստ չկա այսօրինակ հանդիպումներին մասնակցել, իշխող Հանրապետական խմբակցության ղեկավարն ասաց՝ չգնալ հանդիպումների, նշանակում է խաղաթուղթ տալ Ադրբեջանին։

Հիշեցնենք, ապրիլյան ռազմական գործողություններից հետո «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել էր, թե Հայաստանի համար «խելամիտ» չի լինի վերադառնալ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների՝ առանց անվտանգության երաշխիքների, քանի որ «իրավիճակն այսօր բոլորովին այլ է» :

«Չգնալ հանդիպման` նշանակում է խաղաթուղթ տալ Ալիևին։ Մենք չենք հրաժարվում հանդիպումներից, սրանք բանակցություններ չեն, սրանք հանդիպումներ են։ Մենք պատրաստ ենք ցանկացած ֆորմատի հանդիպման, որովհետև մեր նպատակը միակն է՝ խաղաղ բանակցային ճանապարհով Ղարաբաղի հիմնախնդրի լուծում», - ասաց Բաղդասարյանը։

XS
SM
MD
LG