Մատչելիության հղումներ

logo-print

Աթեշյանի այցի դեմ ստորագրահավաք է նախաձեռնվել


Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը, արխիվ:

Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը, արխիվ:

Ազգային ժողովի մոտ երեսուն պատգամավորներ կոչ են անում Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանին չայցելել Հայաստան:

Խորհրդարանականները հայտարարում են, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից Մեծ եղեռնի փաստը ճանաչելու առթիվ Աթեշյանի աղմկահարուց հայտարարությունից հետո նրա այցը հայրենիք վիրավորանք է Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Կոչը լրագրողների հետ հանդիպմանը փոխանցեցին պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Վահե Էնֆիաջյանը և Արագած Ախոյանը:

Վերջինիս խոսքով, պատգամավորական ստորագրահավաքին միացել են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները․ - «Պահանջում ենք, որպեսզի բոլորը միանան այս նախաձեռնությանը, և Աթեշյանի մուտքը թույլ չտալ Հայաստան, որովհետև սա ոչ միայն վնաս է մեր հայ ժողովրդին․․․ այլ անմիջապես հարվածի տակ է դնում մեր եկեղեցուն, անհարմար դրության մեջ է դնում եկեղեցու ղեկավարությանը, Կաթողիկոսին, որը իսկապես այսօր չի կարող ասել՝ արի կամ մի արի․․․ այն էլ՝ այսպիսի կարևոր պատմական արարողությանը: Եվ եթե ինքնասիրություն ունի, չպիտի գա»:

Սպասվում է, որ արքեպիսկոպոս Աթեշյանը առաջիկա օրերին Հայաստան է գալու՝ մասնակցելու եկեղեցական խորհրդի նիստին և ներկա գտնվելու Հռոմի պապի այցելությանը:

Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, հիշեցնենք, Աթեշյանը նամակ էր հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին` հայտնելով, որ վշտացած է Բունդեսթագում նման բանաձևի ընդունման կապակցությամբ, Թուրքիայի հայ համայնքի անունից ափսոսանք հայտնելով գերմանացի օրենսդիրների որոշման համար: Նա նշել էր, թե «հայերը օգտագործվում են իմպերիալիստական ուժերի կողմից», անընդունելի ու սխալ էր համարել, որ Գերմանիայի խորհրդարանը «գերմանացի ժողովրդի անունից որոշում է կայացնում իր իրավասությունների մեջ չմտնող հարցի վերաբերյալ», և որ բանաձևը ընդունվել է «Թուրքիային և թուրք ժողովուրդին մեղադրելու և պատժելու համար»:

«Կարծում եմ, ամենալավ տարբերակը այն կլինի, որ նա սուսուփուս, իր դիմումի համաձայն, գնա իր առևտրով զբաղվի», - հայտարարեց Ախոյանը՝ «Ազատության» հարցին, թե ինչ առևտրի մասին է խոսքը, արձագանքելով․ - «Հասարակությունը ունի ինֆորմացիա: Այո, կա նաև առևտրական գործունեություն, որի մասին ես չեմ ուզում խոսել, որովհետև շատ են խոսել․․․ Խոսքը և՛ քաղաքական, և՛ նյութական առևտրի մասին է՝ որպես բիզնես: Ես լսել եմ, որ ունի անտիկվարի բիզնեսներ և այլն, և այլն․․․ Բոլորդ էլ տեղեկացված եք, ուղղակի ինձ եք խոսեցնում»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանը ողջ օրվա ըթնացքում չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Ավելի վաղ արձագանքելով Աթեշյանի նամակին՝ Մելիքյանը նշել էր, թե չի փորձում արդարացնել որևէ մեկին, սակայն նաև չի բացառում, որ հարկադրանք է եղել:

Շիրակի և Արցախի թեմերի առաջնորդները ևս իրենց հարցազրույցներում կոչ էին արել չմեղադրել Արամ արքեպիսկոպոսին՝ նշելով, թե այս իրավիճակում նա գուցե անգամ լռություն պահպանելու հնարավորություն չի ունեցել:

Պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով, ենթադրությունը, որ Աթեշյանի նկատմամբ ճնշում է եղել, չի կարող արդարացնել նրա արարքը, որովհետև Թուրքիայում կան բազմաթիվ թուրք մտավորականներ, ովքեր վտանգելով իրենց կյանքը խոսում են Հայոց ցեղասպանության մասին․ - «Իհարկե, մենք Էջմիածնից ակնկալում ենք, որ բարձրագույն ժողովի ընթացքում, անկախ նրանից՝ կգա Աթեշյանը թե ոչ, պետք է հստակ գնահատական հնչի, թե ինչու է հոգևոր հայրը նման վարքագիծ դրսևորել, և հստակեցվեն պատճառները»:

Օրվա ընթացքում Պոլսո Հայոց պատրիարքարանից այդպես էլ չարձագանքեցին մեր հարցին:

XS
SM
MD
LG