Մատչելիության հղումներ

Սարգսյանը, Պուտինն ու Ալիևն այսօր Սանկտ Պետերբուրգում կհանդիպեն


Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, 10-ը օգոստոսի, 2014թ.

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, 10-ը օգոստոսի, 2014թ.

Այսօր Սանկտ Պետերբուրգում կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Այսօր Սանկտ-Պետերբուրգում տեղի կունենան ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցություններ։

Հանդիպման նախօրեին Ռուսաստանի նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախ առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, այնուհետև նախատեսված է նաև եռակողմ՝ Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպում։

Հայտնի է նաև, որ Սանկտ Պետերբուրգում այսօր կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Թե որ պահին նրանք կմիանան նախագահներին, դեռ չի հստակեցվում։

Հանդիպումը տեղի է ունենում ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Նախօրեին ռուսաստանցի մեկնաբանները գրել էին, որ Պուտինը որոշել է կարգավորել ղարաբաղյան խնդիրը։

Ռուսաստանի նախագահի օգնականը հունիսի 17-ին ասել է, որ ռուսական կողմը կնախաձեռնի ակտիվ քայլեր, որոնք պետք է նպաստեն խնդրի կարգավորմանը։ Ուշակովը հիշեցրել է, որ ապրիլյան պատերազմի օրերին Մոսկվայի միջամտությունից հետո է հրադադար հաստատվել։

«Այսօր մենք շարունակելու ենք մեր միջնորդական առաքելությունը, իհարկե, Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին՝ հիմնվելով այն հայտարարությունների վրա, որը արել էին Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները 2009-2013 թվականներին։ Մեր կողմն անցկացնելու է ամենաշահագրգիռ և ակտիվ երկխոսություն», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

2009-2011 թվականներին, հիշեցնենք, Մոսկվան ակտիվորեն զբաղվում էր ղարաբաղյան խնդրով, և այն ժամանակ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ անցկացվող բանակցությունները պետք է ավարտվեին Կազանում 2011-ի կնքվելիք փաստաթղթով։ Սակայն Ալիևը վերջին պահին, Մեդվեդևի և Սարգսյանի համար անսպասելի, առաջ էր քաշել տասը նոր պայմաններ։

Ըստ այդ տապալված և արդեն հրապարակված կազանյան փաստաթղթի, Հայաստանը Ադրբեջանին պետք է հանձներ հինգ շրջաններ, Ղարաբաղում պետք է տեղակայվեին խաղաղապահներ, իսկ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվեր անորոշ ժամանակ հետո։ Այս մասին «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում ասել էր Հայաստանի նախագահը։

Կազանյան փաստաթղթի հեղինակը Ռուսաստանն էր, թեև այն ժամանակ էլ բանակցությունները դե յուրե անցնում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ճիշտ այնպես, ինչպես այսօր կայանալիք բանակցություններն են։

Ռուսական «Ռոսբալտ»-ը սանկտպետերբուրգյան հանդիպման նախօրեին գրում է, որ կազանյան այս ծրագրում կարող են լինել որոշ ուղղումներ։

«Ռոսբալտ»-ը նաև նկատում է, որ հայ-ռուսական հարաբերություններում այսօր բարդ ժամանակներ են, և որ Հայաստանում աճում է դժգոհությունը Ռուսաստանի նկատմամբ, չնայած Մոսկվայի միջամտությունից հետո է հնարավոր եղել դադարեցնել ապրիլյան պատերազմը, որը եթե շարունակվեր, ըստ «Ռոսբալտ»-ի, շատ տխուր հետևանքներ կունենար հայկական կողմի համար։

«Ռոսբալտ»-ը գրում է նաև, որ այսօր Մոսկվան ու Բաքուն լուրջ համատեղ ծրագրեր ունեն, մասնավորապես՝ «Գազպրոմ»-ը մտադիր է Ադրբեջանում կառուցել գազի վերամշակման խոշոր գործարան։

XS
SM
MD
LG