Մատչելիության հղումներ

«Ազատություն» TV-ի նոր վավերագրությունը խոպանչիների կամ, ինչպես ֆիլմի հերոսներից մեկն է ասում, մշակների մասին է։

«Հայրենիքը մեզ չի կերակրում», - ասում է «Նոթեր խոպանից» ֆիլմի հերոսներից մեկը, ով գումար վաստակելու համար հեռավոր Յակուտսկ է հասել՝ 11 հազար կիլոմետր ընտանիքից ու զինվոր որդուց հեռու։ Եթե 1928-ին այստեղ 4, ապա հիմա արդեն 4 հազար հայ է բնակվում։

Շուրջ կես միլիոն հայ ամեն տարի աշխատանք է փնտրում արտերկրում՝ հիմնականում Ռուսաստանում։ Հունիսի 18-ին ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց։ «Նոթեր խոպանից» վավերագրության ռեժիսոր և պրոդյուսեր, «Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի խոսքով, գեղարվեստական ֆիլմի սցենարն արդեն պատրաստ էր, սակայն այն մի կողմ դրվեց, ու հանդես եկան իրական հերոսները։

«Իրենք էին խաղում իրենց դերը, և կարծում եմ ստացվեց, իսկ թեման՝ համար մեկ թեման է, ինչպես ասացի, օրինակ, մեր բյուջեի մեծ մասը ֆինանսավորվում է իրենց տրանսֆերտների հաշվին՝ հիվանդանոցներ են կառուցվում, կառուցվում են դպրոցներ, բազմաթիվ ընտանիքներ ապրում են այդ փողերով։ Եթե այս մարդկանց մասին ֆիլմ չնկարենք, բա էլ ո՞ւմ մասին նկարենք։ Մեր ժամանակի հերոսը՝ զինվորը և խոպանչին են», - ասաց Հրայր Թամրազյանը:

«Նոթեր խոպանից» ֆիլմի մյուս ռեժիսոր Հասմիկ Սմբատյանի խոսքով էլ սա փորձ էր արտագաղթը տեսնել թվերից այն կողմ՝ մարդկանց պատմությունների միջոցով:

«Միշտ լսում ենք, որ այսքան մարդ մեկնում է, այսքան բնակչություն ունենք, այսքան արտահոսք ունենք, այսքան տրանսֆերտներ են, բայց մենք չենք տեսնում այն, ինչ թաքնված է այդ արտագաղթի հետևում, արտագնա աշխատանքի հետևում․ այդ որբացած մանուկները, որոնք անհայր են մեծանում, խեղված ճակատագրերը, առանց ամուսնու ապրող կանայք, որոնց ամուսնական կյանքը կիսվում է՝ կես տարին են կին զգում իրենց, և էսպես, այսինքն՝ արտագաղթը թվերից այնկողմ», - նշեց Հասմիկ Սմբատյանը:

Վավերագրական այս ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Ռուսաստանում ու Հայաստանի մարզերում։

«Մեզ մոտ ասացվածք է դարձել՝ եթե ուզում ես ամուսինդ կողքիդ մնա, պիտի նախրչու հետ ամուսնանաս», - ասում է ֆիլմի մեկ այլ հերոս՝ Ծակքար գյուղում բնակվող ու տարվա կեսն ամուսնուց հեռու գտնվող կինը։

Արտագնա աշխատանքի մեկնած տղամարդկանցից շատերը հաճախ նաև ընտանիքին են իրենց հետ տանում։ Անկախացումից ի վեր Հայաստանից մեկնել ու չի վերադարձել ավելի քան 1 միլիոն 32 հազար մարդ։

«Համախմբում» կուսակցության հիմնադիր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքով, իրականում արտագաղթի խնդիրն այդքան էլ դժվար չէ հաղթահարել, պարզապես պատրաստակամություն է անհրաժեշտ։

«Մեր ամենացավոտ հարցն է սա, բայց նաև շատ լուծելի խնդիր է: Դա ավելի ցավոտ է դարձնում, երբ տեսնում ես, որ մարդիկ ինչ-որ նվազագույն ապրուստ ապահովելու համար սիբիրներ են հասնում և ընտանիքները բաժանվում են։ Ազգային անվտանգության խնդիր է դարձել, և ամեն ինչ պետք է անել՝ այս խնդիրը լուծելու համար, որպեսզի արտագաղթը կանգնի, և այս ընտանիքները վերադառնան»։

«Նորից ես ուզում եմ «Ազատություն» ռադիոկայանին, արդեն հեռուստատեսություն եք, շնորհավորել: Իսկապես սքանչելի այս դոկումենտալ ֆիլմի համար, հատկապես այն բանի համար, որ նման ցավոտ հարցը փաստորեն բերում եք մեր բոլորի ուշադրության կենտրոն», - ընդգծեց Օսկանյանը:

Մայրաքաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի կարծիքով էլ՝ անհրաժեշտ է, որպեսզի ֆիլմը իշխանության ներկայացուցիչները դիտեն։

«Մարդիկ էնքան կենդանի, էնքան հասկանալի պարզ լեզվով իրենց ցավի մասին էին խոսում, որ անհնար է չհուզվել, իմ կարծիքով՝ «Ազատություն» ռադիոկայանը պիտի բռնի ուժով մեր իշխանության բոլոր ներկայացուցիչներին բերի մի օր նստեցնի էս դահլիճում և ցույց տա էս ֆիլմը: Բռնի ուժով, նրանք ոչ մեկը սեփական կամքով չեն գալու։ Տեսնեն՝ մարդիկ ինչ են ուզում, երազում են իրենց երկիրը, կարոտում են իրենք երկիրը․․․», - ասաց Անահիտ Բախշյանը:

Ֆիլմի դիտմանը եկած երիտասարդների կարծիքով, Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը լուծելու համար պետք է ոչ միայն իշխանությանը մեղադրել, այլ նաև սեփական ուժերով փորձել լուծում գտնել։

«Նոթեր խոպանից» վավերագրությունն «Ազատության» արդեն հինգերորդ ֆիլմն է։

«Ամբողջ ստեղծագործական խումբ է աշխատել, օպերատորները փայլուն աշխատեցին, և՛ լրագրողները, ովքեր ուղեկցում էին օպերատորներին, և՛ մեր բոլոր հերոսները, որ իրենց կյանքի պատմությամբ կիսվեցին, անկեղծացան մեզ հետ։ Մենք այսպիսի պրոյեկտներ դեռ շատ կանենք, կօգտագործենք մեր ներուժը, թող մեր ունկնդիրները, հեռուստադիտողները սպասեն նոր ֆիլմերի», - ընդգծեց Հրայր Թամրազյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG