Մատչելիության հղումներ

The Wall Street Journal․ ԱՄՆ 51 դիվանագետներ պահանջում են հարվածներ հասցնել Ասադին


ԱՄՆ պետական քարտուղար Ջոն Քերրի, Օսլո, 15-ը հունիսի, 2016թ.
ԱՄՆ պետական քարտուղար Ջոն Քերրի, Օսլո, 15-ը հունիսի, 2016թ.

Պետքարտուղարը հայտնել է, որ Սիրիայի հարցում Վաշինգտոնի համբերությունը սպառվում է:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի միջին և ղեկավար օղակների ավելի քան հինգ տասնյակ ծառայողներ ստորագրել են ներքին շրջանառության համար նախատեսված մի փաստաթուղթ, որով քննադատում են Սիրիայի հարցում նախագահ Բարաք Օբամայի վարած, իրենց համոզմամբ, անհարկի մեղմ քաղաքականությունը և առաջարկում են դրա փոխարեն նպատակաուղղված ռազմական հարվածներ հասցնել նախագահ Բաշար ալ-Ասադին ու վերացնել նրա վարչակարգը:

Դիմումը ստորագրած դիվանագետների համոզմամբ, «Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման դեմ պայքարի արդյունավետության միակ գրավականը Սիրիայի նախագահին գահընկեց անելն է: 51 դիվանագետների ստորագրած փաստաթղթի բովանդակությունը The Wall Street Journal հանդեսն է հրապարակել: Պետական դեպարտամենտը հաստատել է նման գրության գոյությունը, սակայն հրաժարվել է այն մեկնաբանել:

Ըստ հանդեսի, բուն փաստը, որը վկայում է արտաքին քաղաքական գերատեսչության ներսում Սիրիայի հարցում առկա այլընտրանքային տեսակետի մասին, ինքնին տհաճ է նախագահ Օբամայի վարչակազմի համար: Պետդեպարտամենտի ծառայողների կարծիքով, պայքարելով սունի մահմեդականների առաջնորդած «Իսլամական պետության» դեմ, Ամերիկան կորցնում է Ասադի ալավիների կողմից ռմբահարվող Սիրիայի խաղաղ բնակչության սունի հատվածի աջակցությունը: Ավելին, Ասադին ոչնչացնելու հարցում ամերիկացիների անկարողությունը հզոր գաղափարախոսական խթան է «Իսլամական պետության» համար:

Պետդեպարտամենտի 51 ծառայողները նախագահ Օբամային հորդորում են համագործակցել Սիրիայի այսպես կոչված չափավոր ընդդիմության հետ, որը պայքարում է թե՛ Ասադի և թե՛ «Իսլամական պետության» դեմ:

Պետքարտուղար Ջոն Քերրին անցած չորեքշաբթի օրը ռուսներին նկատել էր տվել՝ Սիրիայի հակամարտության կարգավորման և նախագահ Բաշար Ասադի հետագա ճակատագրի հստակեցման հարցում Վաշինգտոնի համբերությունը սպառվում է: «Ռուսաստանը պարտավոր է գիտակցել, որ մեր համբերությունն անսահման չէ, փաստորեն, այն սահմանափակված է մեկ հանգամանքով՝ արդյո՞ք Ասադը պատասխանատվության կկանչվի»,- ասել էր Քերրին:

Այսօր Կոպենհագենում պետքարտուղարն ասել է, թե ինքն անձամբ չի ընթերցել նշված գրությունը, սակայն այն համարում է «կարևոր հայտարարություն»: Նա հայտնել է, որ Վաշինգտոն վերադառնալուց հետո անպայման խնդիրը կքննարկի գերատեսչության աշխատակիցների հետ:

Քաղաքական մեկնաբանները նշում են, որ այլընտրանքային հայացքներ արտահայտող ներքին շրջանառության գրությունները Պետական դեպարտամենտում բավական հաճախ են տարածվում, բայց այս կոնկրետ դեպքում զարմացնում է ստորագրությունների թիվը: «Այն շատ բարձր է»,- ասել է Սիրիայում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ռոբերտ Ֆորդը, ով 2014 թվականին քաղաքական տարաձայնությունների բերումով հրաժարական է ներկայացրել:

Եթե ամերիկացիները սկսեն օդային հարվածներ հասցնել Ասադի ուժերին, դա կլինի Սիրիայի հարցում այսօրվա դրությամբ անուղղակի միջամտելու Օբամայի դիրքորոշման էական և սկզբունքային փոփոխություն:

Սիրիայում 2011 թվականից ընթացող քաղաքացիական պատերազմում զոհվել է առնվազն 270 հազար մարդ, միլիոնավոր բնակիչներ հեռացել են երկրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG