Մատչելիության հղումներ

logo-print

«Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարում կուսակցության նախագահ ընտրված Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ իրենց նպատակը իշխանափոխությունն է:

Նախկին արտգործնախարարը միանգամից շեշտեց՝ «Համախմբումը» կուսակցություն է այնքանով, որքանով օրենքի պահանջն է:

«Համախմբումը», նրա խոսքով, ավելի շուտ շարժում է․ - «Վերկուսակցական կառույց է լինելու, ժողովրդական շարժում է լինելու, և մենք փորձելու ենք իսկապես համախմբել մեր ողջ հանրությանը: Այդ ճանապարհին մենք պատրաստ ենք համագործակցելու բոլորի հետ անխտիր՝ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, անհատների, որոնք իրենք ցանկություն ունեն երկրում տեսնել իշխանափոխություն»:

Ռոբերտ Քոչարյանի օրոք շուրջ մեկ տասնամյակ Արտգործնախարարությունը գլխավորած Վարդան Օսկանյանը իր ելույթից հետո չբացառեց իշխանափոխության շուրջ համագործակցությունը նաև երկրորդ նախագահի հետ: Իսկ հիմա, Օսկանյանի պնդմամբ, Ռոբերտ Քոչարյանը նորաստեղծ կուսակցության հետ կապ չունի:

«Ազատության» հարցին՝ հավատո՞ւմ է, որ կարելի է ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության, Օսկանյանն արձագանքեց․ - «Հավատը միշտ վերջում է կորչում»: Նաև չբացառեց հետընտրական պայքարը:

Կուսակցության ղեկավար կազմում ընտրվել են հիմնականում «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության պատգամավորներ՝ Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը: Կուսակցության շարքերում է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Անակնկալ էր թերևս Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի անդամակցությունը:

«Այս կուսակցության նախաձեռնող խմբի մարդկանց ես տեսել եմ վերջին տարիների իմ աշխատանքում: Նրանց մեծ մասին ծանոթ եմ և համարում եմ պարկեշտ ու ազնիվ մարդիկ: Եվ ուզում եմ իմ ցանկությունները, երազանքները երկրի հետ կապված իրականացնել ազնիվ մարդկանց հետ», - լրագրողներին ասաց Անդրեասյանը:

Փոխարենը համագումարում քննադատության պակաս չկար գործող իշխանությունների հասցեին: Նորաթուխ կուսակցականներն իրար հերթ չտալով ամբիոնից դատապարտում էին Հանրապետականի գործունեությունը․ - «Երբ բիզնեսի բոլոր շերտերին պատերազմ է հայտարարվում իշխանության ամենաբարձր մակարդակով, երբ փայ մտնելն ու փայ խլելը դառնում են խաղի կանոն, անընդհատ խորացող աղքատություն, գործազրկություն, վտանգավոր չափերի հասնող արտագաղթ, իշխանությունները, փոխանակ քննարկելու խնդիրները լուծելու ուղիները, սպառնում են բողոքի ակցիան չեզոքացնելով: Սա առաջին հերթին համախմբում է՝ նման կործանարար զարգացումը թույլ չտալու, վերականգնելու ազգային արժանապատվությունը»:

Արտագաղթի, տնտեսության լճացման, ժողովրդի խորացող բարոյալքության, վատ կառավարիչների կամքի բացակայության մասին երկար խոսեց Վարդան Օսկանյանը: Նախկին արտգործնախարարը գնահատեց՝ Հայաստանը կիսաավտորիտար երկիր է՝ կոռուպցիայի բարձր հակումով, առանց ազատ մամուլի․ - «Խոսքի ազատությունն այն է, երբ ողջ լրատվական դաշտը թողնված է իր բնականոն զարգացմանը, և ժողովրդի համար ամենահասանելի լրատվամիջոցը՝ հեռուստատեսությունը, ազատ է թողնված և նրան օրակարգ ու սև ցուցակներ չեն պարտադրվում»:

Համագումարի ավարտին «Ազատության» հարցին, թե ո՞ւմ օրոք է փակվել «Ա1+» հեռուստաընկերությունը, Օսկանյանը արձագանքեց․ - «Նախկինում եթե սխալներ են եղել, դա չի նշանակում, որ հավերժ այդ սխալները պիտի կրկնվեն: Խոսքը դրա մասին է․․․ Ուզո՞ւմ եք այս երկիրը առաջ գնա, թե՞ հետ գնա, թե՞ տեղում դոփի»:

Անցյալի իր գործունեությանը Օսկանյանը նաև ելույթում անդրադարձավ, բայց արդեն ոչ սխալների առնչությամբ․ - «Ի տարբերություն այլոց, ես գումարներ չեմ աշխատել Հայաստանում՝ գույք և հարստություն դիզել Արևմուտքում: Եթե ուզում եք իմանալ, ես լավ հայաստանցի եմ, ես լավ ղարաբաղցի եմ, ես լավ հալեպցի եմ: Եվ հաստատ ոչ պակաս եմ արել իմ ջանքերով երկրի համար, քան ուրիշները»:

«Համախմբում» կուսակցության համագումարին հրավիրված չէին այլ քաղաքական ուժեր, դեռ չեն քննարկել ուրիշ կուսակցությունների հետ դաշինքով մասնակցությունը առաջիկա ընտրություններին:

XS
SM
MD
LG