Մատչելիության հղումներ

Սերգո Կարապետյան. Այս տարի պտուղբանջարեղենի առատ բերք է սպասվում


Լուսանկարը՝ գյուղնախարարության

Լուսանկարը՝ գյուղնախարարության

Այս տարի պտուղբանջարեղենի առատ բերք է սպասվում, այսօր հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պտուղբանջարեղեն արտահանող և վերամշակող ընկերությունների հետ խորհրդակցության ժամանակ։

Գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ, Կարապետյանը հորդորել է վերամշակող ընկերություններին՝ միջոցներ ձեռնարկել մթերման աշխատանքները սահուն և ժամանակին կազմակերպելու ուղղությամբ։

Նախարարը շեշտել է, որ այս տարի, շնորհիվ ցանքատարածությունների ավելացման, առատ բերք է սպասվում հատկապես լոլիկի մասով:

Հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը` Կարապետյանը հորդորել է արտահանող կազմակերպությունների ներկայացուցիչներին առավել ակտիվ քայլեր ձեռնարկել արտահանման ծավալների մեծացման ուղղությամբ:

Ընդգծելով, որ վերամշակող ճյուղը երկրի գյուղատնտեսության ոլորտի հեռանկարային և կարևորագույն ճյուղերից մեկն է, նախարարը նաև հորդորել է ընկերություններին մթերման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ակտիվորեն համագործակցել գյուղացիական տնտեսությունների հետ, նախապես պայմանագրեր կնքել, ինչը հնարավորություն կտա մթերման գործընթացն անցկացնել առավել կազմակերպված, առանց խոչընդոտների և վճարումները կատարել առանց ուշացումների:

Խորհրդակցության ընթացքում նախարարը ծանոթացել է ընկերությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին և պատրաստակամություն հայտնել ուսումնասիրել հնչեցրած խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG