Մատչելիության հղումներ

Բիզնես ասոցիացիաները զգուշացնում են՝ Նոր ՀՕ-ն խոչընդոտելու է տնտեսության զարգացումը


Մասնագետները վստահ են՝ այդ փաստաթուղթն առաջիկայում հասարակական լուրջ  ընդվզման պատճառ կդառնա:

Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված նոր Հարկային օրենսգիրքը ներդրումների համար անբարենպաստ միջավայր է ստեղծելու, հետևաբար, չի նպաստի տնտեսության առողջացմանը: Այսօր այս մասին հայտարարեցին Հայաստանում գործող մի քանի բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչներ:

Հայաստանում Ամերիկայի Առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը վստահ է՝ 700 էջանոց խնդրահարույց այդ փաստաթուղթը պետք է ոչ թե դրույթներով լրամշակվի, այլ ամբողջական՝ փաթեթային տեսքով: «Ցավոք սրտի, այսօր մեր Հարկային օրենսգրքի ամբողջ հիմնավորումը կառուցված է ստատիկ ցուցանիշների վրա: Կփոխեն 20 տոկոս՝ էսքան կկորցնենք բյուջեից, կավելացնեն 26 տոկոս՝ էսքան կունենանք բյուջեում: Ոչ մի կանխատեսում՝ ինչպես է դա ազդելու ապագայի վրա, ինչպես է ազդելու մուլտիպլիկատիվ, չկա: Կառավարությանն ու Ազգային ժողովին հորդորում ենք անցնել սկզբունքային փաթեթային քննարկման, ոչ թե ընդգրկվել հոդված առ հոդված քննարկման մեջ»,- ասաց Ջրբաշյանը:

Հայաստանի Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանի խոսքով էլ՝ այդ նախագծի իրագործման դեպքում, բարեխիղճ, թափանցիկ աշխատող գործատուները կդառնան թիրախ, և նպաստավոր պայմաններ կստեղծվեն ստվերային տնտեսության զարգացման համար, իսկ «ստվերը քանդում է մեր տնտեսությունը»:

Մասնագետները մի շարք «մտահոգիչ» դրույթներից առանձնացնում են եկամտահարկի դրույքաչափի բարձրացումը, շրջանառության հարկի շեմի իջեցումը, հարկային կանխատեսելի դաշտի բացակայությունը, շահաբաժիների հարկումը: Այս ամենը, նրանց պնդմամբ, մի կողմից՝ բազմաթիվ գործարարների կստիպի թաքցնել բիզնեսի իրական շրջանառությունը, մյուս կողմից՝ չի խրախուսի օտարերկրացիներին ներդրումներ անել Հայաստանում:

«Առանց այդ էլ վերջին 10 տարվա ընթացքում որևէ բանկ Հայաստանում չի բացվել: Ինչո՞ւ՝ որովհետև գրավչությունը բավականին քչացել է: Էսօր արտասահմանցին նպատակահարմար չի գտնի գալ էստեղ բանկ բացել»,- ասաց Սամվել Ճզմաչյանը:

Համեմատություններ անելով հարևան, նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ, Տիգրան Ջրբաշյանը զգուշացնում է, թե ինչ խնդիրների կարող է բախվել Հայաստանը: «Հասկանում ես, որ բիզնես միջավայրի տեսակետից Վրաստանը դառնում է է՛լ ավելի գրավիչ, կամ երբ փորձում ես հասկանալ՝ նույն Ղազախստանը ինչ բարեփոխումներ է անում ԵՏՄ պայմաներում, էս ամեն ինչը ենթադրում է, որ մենք ունենք խնդիր»:

Ի դեպ, երկու օր առաջ Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարությամբ ողջունել էր Հայաստանի խորհրդարանի կողմից Հարկային օրենսգրքի՝ առաջին ընթերցմամբ ընդունումը, ընդգծելով, որ այն տալիս է «հարկման բազան ընդլայնելու լուրջ հնարավորություն՝ կրճատելով արտոնություններն ու լրացնելով բացերը»:

Այսօր ավելի վաղ «Ազատության» հարցին ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե ուրախ է, որ բոլորը հետաքրքրված են Հարկային օրենսգրքով, վստահեցնելով՝ «ողջամիտ առաջարկներին ականջալուր ենք լինելու»: Վարչապետը նաև նշել է, թե նախատեսված փոփոխությունները նպաստավոր պայմաններ են ապահովելու բիզնեսի համար: «Հիմա կա հանձնարարական ՊԵԿ-ին, որպեսզի քննարկեն բոլոր առաջարկություները, և միասնական որոշում ունենանք: Իհարկե, դա կարևոր փաստաթուղթ է, և մենք ամեն ինչ անելու ենք, որ նպաստի [օրենսգիրքը] տնտեսության զարգացմանը, այլ ոչ թե խաթարի բիզնեսի զարգացումը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Մինչդեռ, վերջին օրերին և՛ գործարարները, և՛ պատգամավորները, և՛ մի շարք տնտեսագետներ բազմիցս պնդել են՝ փաստաթուղթը ոչ միայն նպաստավոր պայմաններ չի ստեղծի բիզնեսի զարգացման համար, այլև վտանգի տակ կդնի հենց կառավարության կողմից գերակա ճանաչված ոլորտները: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը վստահ է՝ Հարկային օրենսգրքի նախագիծը «հակասում է ՏՏ ոլորտի զարգացմանը»:

Հենց այս ոլորտի աշխատողներն են միջինից բարձր եկամուտներ ստանում, իսկ եկամտահարկի դրույքաչափի 2-7 տոկոսով բարձրացումը ուղիղ հարվածելու է հենց այս խավի գրպանին, նկատում է Չոբանյանը. - «Եվ սա էսօր մեզ համար ճիտին պարտք է, և մենք գնում ենք հակառակ մեր երկրի տնտեսական զարգացմանը: Սա հսկայական բեռ է մեր ոլորտի համար, որը մենք ի վիճակի չենք տանել, որովհետև այսօր արդեն Հայաստանի ՏՏ ոլորտը աշխատավարձի առումով աշխարհում մրցունակ չէ»:

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյանն էլ զգուշացնում է՝ «Շուկայի կրճատում տեղի կունենա, շատ հնարավոր է, որ կադրերի արտահոսք լինի, որովհետև մարդիկ պատրաստ չեն կրճատվող եկամտի պարագայում առաջընթաց ապահովել»:

Մասնագետները վստահ են՝ այդ փաստաթուղթն առաջիկայում հասարակական լուրջ
ընդվզման պատճառ կդառնա: Դրա հնարավորությունը պատկերավոր կերպով բացատրեց «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Փայլակ Թադևոսյանը՝ «Եթե մարդը երկու կով ունի, գալիս մի կովը վերցնում ես, բայց երկու կովի կաթ ես ուզում, չի լինում դա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG