Մատչելիության հղումներ

Ռազմական ոստիկանության աշխատակիցները փորձել են բերման ենթարկել «Ժողովուրդ»-ի լրագրողին


«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնարիկ Մանուկյան, 17-ը հունիսի, 2016թ.

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնարիկ Մանուկյան, 17-ը հունիսի, 2016թ.

Օրաթերթի գլխավոր խմբագրի պնդմամբ՝ լրագրողին բերման ենթարկելու որոշումը եղել է ապօրինի:

Ռազմական ոստիկանության աշխատակիցներն այսօր առավոտյան փորձել են տնից բերման ենթարկել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնարիկ Մանուկյանին, սակայն դեպքի վայր ժամանած թերթի գլխավոր խմբագրի, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի միջամտությունից հետո հրաժարվել են այդ մտքից։

Նրանք հեռացել են՝ կազմելով արձանագրություն, որտեղ նաև մատնանշել են, թե դեպքի վայր են ժամանել լրագրողներ։ «Քնարիկ Մանուկյանը հրաժարվեց ներկայանալ ՀԿԳ [հատկապես կարևոր գործերի] քննության վարչություն։ Զանգահարեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, լրատվական միջոցների, որոնք էլ ներկայացան մեր նշված հասցե», - ասված է արձանագրությունում։

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ լրագրողին բերման ենթարկելու որոշումը եղել է ապօրինի: Գլխավոր խմբագրի փոխանցմամբ՝ այն բանից հետո, երբ Քնարիկ Մանուկյանը նյութ է հրապարակել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության ծառայության պետ Սերգեյ Հայրապետովի և Պաշտպանության նախարարությունում բացահայտված կոռուպցիոն սկանդալի մասին, լրագրողը ծանուցագիր է ստացել Քննչական կոմիտեից։

«Եվ ահա այս հրապարակման հաջորդ օրը մենք ստանում ենք մի ծանուցում, որտեղ բառացի գրված է՝ առաջարկում ենք Քնարիկ Մանուկյանին ներկայանալ Քննչական կոմիտե՝ ցուցմունք տալու, և նշված չէ, թե ինչ կարգավիճակով են հրավիրում Քնարիկ Մանուկյանին ցուցմունք տալու։ Բնականաբար ես, որպես գլխավոր խմբագիր, մերժեցի այդ առաջարկը և գրավոր պատասխանեցի, որ մենք չենք պատրաստվում թույլ տալ մեր լրագրողին ներկայանալ Քննչական կոմիտե, քանի որ նա որևէ կարգավիճակ չունի իրավաբանական», - ասաց Թովմասյանը։

Դրանից հետո քննիչ Խաչիկյանը որոշել է բերման ենթարկել լրագրողին: Թովմասյանի փոխանցմամբ՝ Ռազմական ոստիկանության աշխատակիցները դա փորձել են անել ուժի գործադրմամբ․ - «Որ ասում էր՝ եթե Դուք չգաք, ես հիմա բռնությամբ Ձեզ բերման կենթարկեմ, Ռազմական ոստիկանության քրեական բաժնի աշխատակից Հայկ Կարապետյանն էր»:

Լրագրող Քնարիկ Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ իրականում այս կերպ փորձում են իր վրա ճնշում գործադրել՝ ցանկանալով կանխել Պաշտպանության նախարարությանը վերաբերող իր հրապարակումները․ - «Ես համոզված եմ, որ միտումը նա էր, որ կարողանան ինձ հնարավոր ճնշումների գործադրել, կամ հնարավոր տարբերակով այլևս այդ թեմային չմոտենալ»։

Լրագրողին բերման ենթարկելու անհաջող փորձից հետո Ֆեյսբուքում վեճ ծավալվեց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի և «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի միջև:

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե կեղծ են տեղեկություններն այն մասին, որ Ռազմական ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկում լրագրողի՝ տեղեկացնելով, թե Ռազմական ոստիկանությունը նման գործառույթ իրականացնել չի կարող:

Ի պատասխան, Թագուհի Թովմասյանը հրապարակեց դեպքի վայրում գտնվող Ռազմական ոստիկանության աշխատակիցների լուսանկարը:

Ավելի ուշ պաշտպանության նախարարի խոսնակը «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության ծառայության պետի հետ կապված քրեական գործ չկա, բացի այդ, լրագրողին բերման ենթարկելու որոշման հետ Պաշտպանության նախարարությունն ու Ռազմական ոստիկանությունը կապ չունեն։

Թեև, նկատենք, Արծրուն Հովհաննիսյանը չհերքեց, որ լրագրողին բերման ենթարկողների մեջ նաև Ռազմական ոստիկանության աշխատակիցներ են եղել․ - «Իհարկե չեմ կարող հերքել, բայց բոլո՛րը Ռազմական ոստիկանությունից չեն»։

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրը պաշտպանության նախարարի խոսնակին հորդորում է խոսել փաստերի լեզվով․ - «Նա նստած իր աշխատասենյակում, ամբողջությամբ կտրված իրականությունից, պարզապես սուտ է խոսել: Փաստերի դեմ կռվել անհեթեթ մեկնաբանություններով և փորձել շողոքորթել Սեյրան Օհանյանին, կարծում եմ, պաշտոնյային հարիր չէ: Ուղղակի ամոթ է»։

Նա ընդգծում է՝ այս գործողություններով փորձ է արվում լռեցնել իրենց․ - «Ես կարծում եմ, որ այս ողջ գործընթացը պարզապես ճնշման ռեալ քայլ էր «Ժողովուրդ» օրաթերթի նկատմամբ, որպեսզի մենք դադարենք գրել Պաշտպանության նախարարության և պաշտպանության նախարարի թիկնազորի պետ Սերգեյ Հայրապետյանի կողմից իրականացված ապօրինությունների մասին: Այս ճանապարհով փորձ է արվում լռեցնել լրատվամիջոցին, բայց մենք չեն լռելու: Շարունակելու ենք բացահայտումները․ ով որ բանակի փողերը լափում ա, պետք ա պատասխան տա»:

Հավելենք, որ ավելի ուշ պարզաբանմամբ հանդես եկավ Քննչական կոմիտեն՝ նշելով, թե «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը հրավիրվել է հարցաքննության Պաշտպանության նախարարության աշխատակցի դեմ կաշառակերության գործով հարուցված քրեական գործի շրջանակներում՝ դեպքի մասին իրեն հայտնի հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար։

Ու թեև Քննչական կոմիտեն նշում է, թե լրագրողին ուղարկված ծանուցագրում նշված է եղել նրա կարգավիճակը՝ իբրև վկա, սակայն ծանուցագրում վկայի մասին որևէ հիշատակում չկա:

Նկատենք, որ լրագրողին այսօր բերման ենթարկելու փորձ են կատարել Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում ընդգծեց․ - «Ռազմական ոստիկանությունը զորամասերից դուրս կատարվող հանցագործությունների հետ կապված հետաքննության մասով պետք է ՀՀ ոստիկանության հետ համատեղ իրականացնի հետաքննությունը»:

XS
SM
MD
LG