Մատչելիության հղումներ

Օսկանյանը՝ «Համախմբում»-ի նախագահ. կուսակցությունն անցկացնում է առաջին համագումարը


Վարդան Օսկանյան, արխիվ

Վարդան Օսկանյան, արխիվ

Կուսակցությանն անդամագրվելու որոշում է կայացրել Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպանը։

Երևանում անցկացվում է «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը։

Քաղաքական այս ուժը ստեղծում են նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու նրա համախոհները՝ հիմնականում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ։ Կուսակցության նախագահ ընտրվեց Վարդան Օսկանյանը։

Նորաստեղծ կուսակցությանն անդամագրվելու որոշում է կայացրել Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը։

Նա «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրավապաշտպան գործունեության ընթացքում տեսել է, որ կուսակցության հիմնադիրները պարկեշտ, սկզբունքային քաղաքական գործիչներ են։

Անդրեասյանի խոսքով՝ «Համախմբում» կուսակցությունը պետք է ձգտի հասնել իշխանափոխության՝ այդ ճանապարհին չբացառելով նաև փողոցային պայքարի տարբերակը։

Վարդան Օսկանյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք տասը տարի ղեկավարել է երկրի արտաքին գերատեսչությունը, և շատ է խոսվում մինչև այսօր նրանց ունեցած սերտ առնչությունների մասին։ Նախկին արտգործնախարարը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ նոր կուսակցությունը Քոչարյանի հետ «բացարձակապես կապ չունի»:

Կարեն Անդրեասյանը կրկնեց Օսկանյանի նախկինում հնչեցրած միտքը՝ «Քոչարյանն այս կուսակցության հետ կապ չունի»։

XS
SM
MD
LG