Մատչելիության հղումներ

Ուորլիքը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը


ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

Թեև ավելի վաղ ԵԱՀԿ-ի մամուլի հետ կապերի բաժնից հայտնել են, որ ռուսական կողմի նախաձեռնած հանդիպմանը և դրա նախապատրաստմանը ԵԱՀԿ-ը ներգրավված չէ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մասնակցելու է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների բանակցություններին: Այդ մասին ամերիկացի դիվանագետը հայտնել է ադրբեջանական APA գործակալությանը:

«Ես անհամբերությամբ եմ սպասում այդ հանդիպմանը: Մենք հուսով ենք, որ կողմերը հանրագումարի կբերեն միջադեպերի հետաքննության մեխանիզմի իրականացման մասին ԵԱՀԿ-ի կողմից առաջարկվող պայմանավորվածությունը և կվերականգնեն բազմակողմանի խաղաղ համաձայնության գծով բանակցությունները», - Ուորլիքի խոսքերն է մեջբերում APA-ն:

Հիշեցնենք՝ շաբաթասկզբին ռուսական կողմը հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջիկա երկուշաբթի Սանկտ Պետերբուրգում եռակողմ բանակցություններ կվարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:

Այս հանդիպումը կլինի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկրորդ հանդիպումը ապրիլյան ճգնաժամից հետո․ նախորդը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջնորդությամբ տեղի է ունեցել մայիսի 16-ին Վիեննայում:

XS
SM
MD
LG