Մատչելիության հղումներ

Սահմանամերձ Կիրանցում երիտասարդ ընտանիքները կառավարությունից տուն են խնդրում


Տավուշի մարզի Կիրանց գյուղի տներից մեկը, 16-ը հունիսի, 2016թ.

Տավուշի մարզի Կիրանց գյուղի տներից մեկը, 16-ը հունիսի, 2016թ.

Մոտ 400 բնակիչ ունեցող գյուղում նույն հարկի տակ մի քանի սերունդ է ապրում։

Սահմանամերձ Կիրանց գյուղում 15 երիտասարդ ընտանիքներ խնդրում են կառավարությանն աջակցել իրենց հայրենի գյուղում սեփական տանիքն ունենալու հարցում։

Տավուշի մարզի այս գյուղը սահմանից ուղիղ գծով կես կիլոմետր է հեռու։ Չնայած ամենօրյա կրակոցներին ու անվտանգության խնդիրներին, Կիրանցում հրատապ են համարում նորաստեղծ ընտանիքների բնակարանային հարցերը։

25-ամյա Շողիկ Մարգարյանն ամուսնու, որդու, սկեսուր-սկեսրայրի, ամուսնու երեք եղբայրների հետ՝ ութ հոգով բնակվում են գյուղական փոքր տանը։ Ասում են, որ գյուղի աշխատանքով հազիվ օրվա հացն են վաստակում ու գումար չեն կարողանում կուտակել նոր տուն կառուցելու համար։

Մոտ 400 բնակիչ ունեցող գյուղում նույն հարկի տակ մի քանի սերունդ է ապրում։ Գյուղապետի օգնական Անդրանիկ Նազարյանն ասում է, որ դեռ ամիսներ առաջ են նամակ գրել տարածքային կառավարման արդեն նախկին նախարար Արմեն Երիցյանին՝ խնդրելով միջոցներ հատկացնել գոնե գյուղացիների մասնակցությամբ փայտե տնակներ կառուցելու համար։ Դեռ պատասխան չեն ստացել։

«Գոնե այդ ձևով աջակցեն երիտասարդներին, գոնե մի փոքր քոթեջներ՝ երկու-երեք սենյականոց, երիտասարդների համար կառուցեն։ Բայց ասեմ, որ դեռ այդ հույսը չի մարել, նորից երիտասարդները սպասում են, որ կարող է ինչ-որ մի բան, մի լավ ծրագիր ի հայտ գա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նազարյանը։

Կիրանցում կրակոցներից ավելի շատ քննարկվում է երիտասարդների անտուն մնալու հարցը։ 78-ամյա Կարլեն Սիմոնյանի 11-հոգանոց ընտանիքը նույն հարկի տակ է ապրում։ «Բոլորը թողել են Ռուսաստան գնացել, ես չեմ գնացել, որովհետև այստեղ ծառայում են՝ երեք թոռներս սահմանապահ զորքերում են ծառայում։ Ես չգիտեմ՝ ղեկավարությունը ի՞նչ է մտածում, էս սահմանամերձ գյուղերում հնարավոր չէ՞ մի բան ստեղծել, գոնե բնակարանով ապահովեն, որ էս երիտասարդները էս հողից կպած մնան», - ասաց Սիմոնյանը։

Ծերունու ընտանիքում անընդհատ հետաձգում են թոռան հարսանիքը։ Ասում են՝ տանը տեղ չունեն, «իրար գլուխ են քնում»։

Անիչկա Շահինյանը բնակարանային հարցը լուծել է տղաներից մեկին խնամու տուն՝ Իջևան ուղարկելով։ Չնայած նեղվածքին, պատրաստվում է երրորդ որդուն էլ ամուսնացնել։ «Երեք սենյակ է, ամեն մեկը մի սենյակում հարմարվում են», - պատմեց Շահինյանը։

Կիրանցի գյուղապետարանն առայժմ միայն մեկ բազմազավակ ընտանիքի բնակարանի հարցն է լուծել՝ Մամուկա Տոլիաշվիլին կնոջ և 6 երեխաների հետ ժամանակավորապես տեղավորել է գյուղի դատարկ տներից մեկի երկու սենյակում։ Բետոնե հատակով, առանց խոհանոցի ու տարրական պայմանների ժամանակավոր կացարանի ամենափոքր բնակիչը 40 օրական է։

Սահմանամերձ գյուղը մանկապարտեզ չունի։ Նախկին մանկապարտեզի շենքը հատկացվել է դպրոցին, պատմում է գյուղապետ Հմայակ Նազարյանն ու նշում, որ եթե կառավարությունն աջակցի դպրոցի կառուցման հարցում, ապա այժմ որպես դպրոց ծառայող շինությունը կհատկացվի բնակարանի կարիք ունեցողներին։

«Պետք է ասեմ, որ լինելով սահմանամերձ համայնք, ի ուրախություն բոլորիս, այն եզակի համայնքներից է, որ բնակչության աճ ունի վերջին 10-15 տարում։ Այլ հարց է, որ գյուղում կան մոտ 15 երիտասարդ ընտանիքներ, որոնք կա՛մ ստիպված պետք է գյուղը լքեն գնան ուրիշ տեղ ապրելու, կա՛մ գյուղում այլ հնարավորություն չունեն», - ասաց Նազարյանը։

Եթե կառավարությունը չընդառաջի սահմանամերձ գյուղի բնակիչներին, Ադրբեջանից ընդամենը կես կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղը կդատարկվի, կարծում են Կիրանցում։

XS
SM
MD
LG